ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակը մտահոգված է՝ հայերը նորից խոսում են ռևանշիզմի մասին
«Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի պրովոկացիայի արդյունքում մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը»,- այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը, հավելելով, թե հայերն այնուհետ ընտրություններում նորից ընտրեցին նրան, ովքեր պարտվել էին պատերազմի արդյունքում ու Փաշինյանի կուսակցությունը հաղթեց՝ չնայած, որ պարտվել էր ռազմադաշտում։
Սեյիդովն, իրեն հատուկ դերասանական տաղանդով, հարց է բարձրացնում, թե արդյոք որևէ երկրում նման իրավիճակ եղել է ու պատասխանում՝ ոչ։
Սակայն, Սեյիդովն ուներ նաև բացատրությունը, թե ինչու է այդպես եղել, այն է, թե հայերը դեմ էին «Քոչարյան-Սարգսյան» ռեժիմին ու ուզում էին ապրել խաղաղության մեջ։
Փաշինյանը, վերջինիս խոսքերով, ուներ հնարավորությունը երեք տարի առաջ, սակայն պատմական սխալ արեց ու ընտրեց նախորդների նույն ուղին։
«Պատմությունը երկրորդ շանսը տվեց հայերին, նկատի ունեմ Փաշինյանի հաղթանակը, սակայն ինչ ենք տեսնում․ նորից նրանք, ովքեր իշխանության են եկել սկսել են իրականացնել ռևանշիզմի գաղափարները, սկսել են խոսել պատերազմի, նոր ռևանշի մասին։ Ես իմ հայ գործընկերներին եմ դիմում՝ այս ոճի վարք մի ցուցաբերեք»,-ասում է Սեյիդովը, հավելելով, թե միակ ուղին փակուղուց դուրս գալու՝ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է»՝ փոխադարձ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։
Սեյիդովի ելույթին արձագանքեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, նշելով, որ ընտրություններում Հայաստանի ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ինստիտուտներն են հաղթել։
«Երբ պարոն Սեյիդովը փորձեց շահարկել Հայաստանում իշխող մեծամասնության ու ընդդիմության հարաբերությունները, ինձ մոտ առաջին միտք էր պատասխանել նույն կերպ՝ շահարկել իրենց կառավարության ու ընդդիմության հարաբերությունները, բայց հետո հիշեցի, որ այնտեղ չկա ընդդիմություն, Ադրբեջանում չկան ընտրություններ ու չկա ժողովրդավարություն Ադրբեջանում»,-ասաց Ռուբինյանը։
Խաղաղության հետ կապված, Ռուբինյանի խոսքերով, իհարկե դրան պետք է հասնել, որի ուղղությամբ պետք է փոքր քայլեր կատարել։
«Իսկ Ձեր ելույթը, ցավոք, այդպիսի քայլ չէր»,-ասաց Ռուբինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին