Կարող ենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում. Մարուքյան
«Խոսել հարևանների հետ մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը մեկ այլ բան է։ Մեկը մյուսի հետ կապ չունի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ հարևանի հետ խոսելը չի խանգարում բանակն ամրացնելուն, զենք առնելուն։
«Բանակդ, սահմաններդ ամրացրու, զենք առ, խրամատներդ փորիր, ինժեներական գործդ արա, տնտեսությունդ վերականգնիր, ձեռքդ ով է բռնել, ինչ կապ ունի՝ ում հետ ես խոսում։ Տնային աշխատանքը պետք է արվի, մեկը մյուսի հետ կապ չունի»,- ասաց քաղաքական գործիչը։
Է. Մարուքյանի խոսքով, մյուս կողմից դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել։ Նա ասաց՝ իրենք շարունակում են տարբեր հարթակներում ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Հայաստանի և Արցախի դեմ։
«Կարծում եմ՝ լավ կազմակերպված, հետևողական լինելու դեպքում կարող ենք պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, տարբեր ուղղություններով, տարբեր երկրներում համընդհանուր իրավազորության ներքո»,- ասաց Էդման Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան