Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հումանիտար հետևանքների վրա, այդ թվում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը։ Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։