Զոհված մայորի մայր. «Փաստեր ունեմ և ասելու եմ, Նիկոլ, հողերը ծախել ես»
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված մայորի տարեց մայրն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր որդու լուսանկարը ձեռքին։
Նա համոզված է, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլիներ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չէր սկսվի, լինելու դեպքում էլ կդադարեցվեր շատ ավելի վաղ։
«Եթե ինքը (Փաշինյանը-խմբ.) չլիներ, Արցախը չէր վաճառվի։ Տեսնո՞ւմ եք, հանձնել բառը չեմ օգտագործում։ Այն վաճառված է փողով, փաստեր ունեմ, ասելու եմ։ Նիկոլ, հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքն ընտանիքիդ վրա»,- ասում է զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը։
Ալեհեր կինը պատմում է, որդին հերոս էր նաև կյանքում, 30 տարեկանում արդեն չորս երեխա ուներ։
«Ասում են՝ հինգ հազար զո՞հ։ Չէ, տասը հազար, քսան հազար, որովհետև նրանց հետ նրանց մայրերն էլ, քույրերն ու եղբայրներն էլ են մահացել։ Ինձ համար կյանք գոյություն չունի»,- ասում է կինը։
Տեսանյութը՝ News.am-ի։