Արման Թաթոյան. Չպե՛տք է մոռանանք` ադերբեջանական հայատյացության քաղաքականությունը ստացել է ֆաշիստական նոր դրսևորումներ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործողություններին, դրանք որակել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում նշված է.
«Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։
Հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:
Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:
Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:
Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով:
COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին, որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կատվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:
Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին:
Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն:
Չպե՛տք է մոռանանք, որ ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ:
Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Պատերազմի հետևանքով զոհվել է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայր
- Արման Թաթոյան. Որոտանում ադրբեջանցիների պահվածքը երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ ունի
- Կովսականում դաժանություններն են եղել, հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել. ՄԻՊ
- ՄԻՊ հատուկ զեկույցը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար
- Ալիևի՝ հայատյացություն ու թշնամանք պարունակող ելույթները խաթարում են խաղաղությունը. ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ ևս մեկ վճիռ է կայացվել ընդդեմ Ադրբեջանի
- Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթներն ուղարկել է միջազգային կառույցներին
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- ՄԻՊ. 1988-ից սկիզբ առած Ադրբեջանի վայրագություններն ու հայատյացությունը առավել դաժան դրսևորումներ են ստացել
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, սպանված նկարը տեղադրել նրա էջում