Արցախում երրորդ պատերազմն անխուսափելի է, hարցը միայն ժամանակի մեջ է. Գազետա ռու
«Գազետա ռու»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը ծավալուն վերլուծականով անդրադարձել է արցախյան երկրորդ պատերազմին:
Հոդվածի հեղինակը գրում է. «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում ու ավարտվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական IAI Harop տիպի անօդաչուների մարտավարական և տեխնիկական բնութագրերի գերագնահատմամբ: Դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայության հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական կիրառությունից:
Հաղթանակն Ադրբեջանին բերեց ոչ այնքան Bayraktar TB2-ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը, որն առկա էր հակամարտության սկսվելուց շատ ավելի առաջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան արեց ապագա հաղթանակի համար: Նախ՝ նա ստեղծեց արդյունավետ գործիք իր քաղաքական նպատակների իրականացման համար`Ադրբեջանի զինված ուժերը: Դրա համար մեծ ջանքեր և միջոցներ ծախսեց: Երկրորդ՝ Ալիևը հայցեց Թուրքիայի աջակցությունը: Անկարան, Առանց չափազանցության, այսօր տարածաշրջանի առաջատարն է…
Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին գունատ տեսք ունեին: Շատ քիչ բան էր արվել ինչպես երկիրը և զինված ուժերը պատերազմին նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական մարտական և զորահավաքային պատրաստվածության պահպանման առումով:
Առանց մարտունակ զինված ուժի, ցանկացած քաղաքական հայտարարություն արժեք չունի: Ըստ էության, Երևանին չարժեր հույս դնել ինչ-որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում, բացի մտահոգություն հայտնելուց: Մյուս կողմից էլ Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէր այդ պատմության մեջ ներքաշվել ամբողջությամբ Երևանի կողքին կանգնելով: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր գործընկերներ են…
Ամբողջ հոդվածը հասանելի է «Գազետա ռու»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա