
Պետության պարտքի կառուցվածքը 2021 թվականի առաջին կիսամյակում քիչ չափով փոխվել է դեպի ներքին պարտք. Տիգրան Խաչատրյան
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի քննարկվել ՀՀ պետական բյուջեի կատարողականի առաջին եռամսյակի հաշվետվությունը»,-այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ բացատրելով, թե ինչու օրակարգում ընդգրկված երկու հարցերից մեկով քննարկվելու է 2021 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի, իսկ երկրորդով՝ կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքները:
Պապոյանը հարցը զեկուցող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին, այնուամենայնիվ, առաջարկեց ներկայացնել միանգամից կիսամյակի կատարողականը:
Նախարարի խոսքով՝ COVID-ի և պատերազմի տնտեսական բացասական հետևանքները շարունակում են դրսևորվել 2021 թվականին, այդ պատճառով էլ հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է սպասարկման ոլորտում անկմամբ։
«Արդյունաբերության ոլորտում ընդհանուր առմամբ 3,9% անկումը պայմանավորված էր արտադրական արդյունաբերության անկմամբ: Միևնույն ժամանակ, արտադրական արդյունաբերության անկումը պայմանավորված է արտաքին պահանջարկի 7.3% նվազմամբ»,-հայտնեց Տիգրան Խաչատրյանը։
Նա հավելեց, որ ոսկերչական արտադրանքը նվազել է 6.2%-ով, ծխախոտային արտադրանքի ՝ 3.7%-ով, գունավոր մետաղների՝ 1.8%-ով։
Նախարարի խոսքով, տարվա կեսին սակայն հնարավոր է եղել ապահովվել է 5 % տնտեսական աճ:
Խաչատրյանը հայտնեց, որ պետական պարտքը կազմում է 4 տրիլիոն 393 մլրդ դրամ, որից կառավարության պարտքը 4 տրիլիոն 162 մլրդ է, իսկ ԿԲ-ինը՝ 231 մլրդ:
«Պետության պարտքի կառուցվածքը 2021 թվականի առաջին կիսամյակում քիչ չափով փոխվել է դեպի ներքին պարտք, սակայն միևնույնն է՝ արտաքին պարտքը մեր պարտքի կառուցվածքում շարունակում է մնալ 80 %»,-ասաց ֆինանսների նախարարը:
Նա հայտնել է, որ 2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10.3 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում նախատեսվում էր կիսամյակում ունենալ 698 մլրդ դրամի եկամուտներ, բայց այն փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ կազմելով 107.2 %:
Խաչատրյանը հայտնեց, որ նախորդ տարվա նկատմամբ եկամուտներն ավելի են եղել 10.3 %-ով:
Ֆինանսների նախարարն ասաց, որ նախատեսվել էր 877 մլրդ դրամի ծախս, այնուհետև այն ճշգրտվել և կազմել էին 1 տրլն դրամ, բայց փաստացի կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր:
«Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179 մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը ենթադրում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75.5»,- ասաց Խաչատրյանը և բացատրեց, որ այն կապված է հարկային մուտքերի ավելացման և որոշակի ուղղություններով պլանավորածից քիչ ծախսելու հետ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին