Արմեն Գևորգյան. Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության պայմաններում
«Սա հայաստանյան պատվիրակության առաջին այցն էր ԵԽԽՎ, և այնպես ստացվեց, որ դատավոր Դանիբեկյանի որոշման արդյունքում Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներն այսօր այնտեղ չեն»,- դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը, որով թույլ չտվեցին իրեն Ստրասբուրգ մեկնել։
Նրա խոսքով, ինքն այս նստաշրջանի ժամանակ պատրաստվում էր գլխավոր քարտուղարի հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնել գերիների հարցը։
«Ի՞նչ է անում ԵԽ-ն նրանց հնարավորինս շուտ վերադարձի համար։ Պատրաստվում էի այնտեղ հանձնել ՄԻՊ պատրաստած երկու զեկույցները, որոնք նվիրված էին այդ թեմաներին։ Ըստ էության, ես զրկված եմ այդ հնարավորությունից, տեղում ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկումներից»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Նրա խոսքով, եթե դատական նիստը կարող է հետաձգվել դատավորի՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար, ինչո՞ւ չէր կարող հետաձգվել պատվիրակության կազմում իր՝ Ստրասբուրգ մեկնելու համար և ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին լիարժեք մասնակցելու համար։
«Դատական այս գործընթացը տեղի է ունենում անադեկվատության պայմաններում, ինչո՞վ է պայմանավորված այն, ես կասկածներ ունեմ, բայց թույլ տվեք հիմա չհրապարակել»,-նշեց նա։
Արմեն Գևորգյանը հիշեցրեց, որ արդեն երկրորդ դեպքն է, որ դատարանը թույլ չի տալիս իրեն հայտարարություն անել։
«Մի քանի ամիս առաջ էլ ինձ զրկեց հայտարարություն անելու հնարավորությունից։ Եվ ընդհանրապես, դատավորի՝ դիրքորոշումներում ոչ հետևողական լինելը մեզ խանգարում է, չգիտենք, ո՞նց պաշտպանվենք, ի՞նչ ռազմավարությամբ»,- ասաց նա՝ որպես ապացույց նշելով այսօրվա նիստում իր պաշտպան Լուսինե Սահակյանի հետ կապված միջադեպը։
Նա նաև նկատեց, եթե միջազգային որևէ ատյանում նայեն այսօրվա նիստի տեսագրությունը, ի՞նչ կարծիք են կազմելու Հայաստանի ու նրա դատական համակարգի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյան. Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին դատական ակտը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում
- Լուսինե Սահակյանը՝ Դանիբեկյանին. Իրականացրեք արդարադատություն
- Սիլվա Համբարձումյանի գործով Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան
- Էրիկ Ալեքսանյանը հեռացավ Դանիբեկյանի վարույթից. «Ձեր էմոցիաներն այլևս չեք կարողանում զսպել իմ դեպքում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան