Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Կութի մոտ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։ Այս մասին հայտարարում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝
1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.
2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.
3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.
4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.
5. Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամն հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։
Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- գրել է Արման Թաթոյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Կութում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել
- Ադրբեջանցիները հրդեհներ են գցում ու ոչնչացնում Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի խոտհարքները ու արոտավայրերը. ՄԻՊ
- Կութի անասունները սոված գնում, սոված գալիս են
- Ադրբեջանցիները Խնածախում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 անասուն, խոչընդտել են ցորենի հավաքը. ՄԻՊ
- Արավուսի բնակիչների 37 անասունը հետ է բերվել թշնամու մոտից, 5-ի համար բանակցությունները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին