Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։ Այս մասին հայտնում են Հայկական ազգային կինոակադեմիայից։
«Երբ որ քամին հանդարտվի» համատեղ կինոարտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) ֆիլմը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։ Այն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում։
Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
«2020 թ․սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ֆիլմի փարիզյան պրեմիերան։ Մեր ամբողջ թիմը, բոլոր աջակիցներն ուղղակի ցնծում էին, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանվեց ու պրեմիերան կայացավ: Իսկ երբ 27-ին արթնացանք, պարզվեց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երբ ֆիլմը ներկայացնում էի տարբեր կինոդահլիճներում, դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր:
Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել և ցույց տալ Արցախի ինքնին լինելը, ինքն իրեն գոյություն ունենալու փաստը: Ամենաճիշտ պատասխանը ֆիլմն է տալիս: Հավատն ու հույսը, որոնց վրա է հենված ֆիլմը, նաև իմ հույսն ու հավատն են», -պատմել էր Նորա Մարտիրոսյանը ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո։ Այն կայացել է այս տարվա մարտի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նորա Մարտիրոսյանի արցախյան թեմայով ֆիլմն այսօր կցուցադրվի Կաննում
- Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, ցույց տալ Արցախի՝ ինքն իրեն գոյություն ունենալու փաստը. Նորա Մարտիրոսյան
- Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի
- Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն
- Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում