Մարտի 1-ի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն. Փաշինյան
«Մարտի 1-ի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն և դրանք պետք է լինեն հայաստանյան օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ դա կատարողներն ու դրա կազմակերպողները օրենքով սահմանված կարգով պատասխանատվության չեն ենթարկվել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա կարևորեց այն, որ Օմբուդսմենը իր զեկույցներում «հետևողականորեն» բարձրաձայնում է 2008-ի մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, որպես մեծ խնդիր:
Պատգամավորի խոսքով, այդ հարցը պետք է բարձրաձայնել, քանի դեռ հանրությունը չի ստացել բազմաթիվ հարցերի պատասխաններ, քանի դեռ զոհվածների հարազատները չեն ստացել արժանապատիվ փոխհատուցում:
«ՀՀ իրավապահ մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն: Սա ոչ թե քաղաքական հայտարարություն է, այլ մի պնդում, որը հնարավոր է հիմնավորել փաստերով»,-հայտարարեց Փաշինյանը:
Պատգամավորը որպես փաստ մատնանշեց այն, որ մարտի 1-ի տասը զոհերից երեքը` Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը սպանվել են «Չերյոմուխա 7» զինատեսակից արձակված կրակոցից: Ավելին, նրա ներկայացմամբ, ննախաքննական մարմինը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրել 4 ոստիկանների, սակայն նրանցից որևէ մեկը չի ձերբակալվել «մեկ րոպեով կամ մեկ ժամով», այն դեպքում, երբ տասը տարի ազատազրկում է սպառնում առաջադրված մեղադրանքով:
«Գործը առաջ չի գնում այն հիմնավորմամբ, որ ասում են, թե «Չորյոմուխա 7» զինատեսակը նույնականացման չի տրվում, այսինքն` չի կարելի որոշել, թե կոնկրետ որ հրացանից է կրակվել: Չեմ հասկանում` նույնականացումը գործ բացելու միակ եղանա՞կն է: Էդպես որ լիներ, ամբողջ աշխարհի կիլլերները կսկսեին «Չերյոմուխա 7»-ով մարդ խփել, որովհետև հնարավոր չէ իդենտիֆիկացիա անել ու վերջ, գործերը կփակվեին: Դեպքը տեղի է ունեցել հարյուրավոր ոստիկանների աչքի առաջ: Այդ նույն ոստիկանները կիլոմետրերով ցնդաբանություններ են ցուցմունք տվել քաղբանտարկյալների մասին: Էդ ո՞նց է քաղբանտարկյալների մասին կարող էին ասել, իսկ ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ, հնարավոր չէր պատմել: Ոստիկանները փաստորեն գողական տղերք են, իրենք գրող տղերք չեն, չեն կարա տեսածը ասեն: Ոստիկանապետը սրան-նրան է մեղադրում` գողական ես, թե պատգամավոր: Հիմա դուք գողական եք, թե ոստիկան, ասեք` հասկանան», -հայտարարեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում