ՄԱԿ Գլխավոր քարտուղարը դրական է գնահատում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ իհակամարտության մերաբերյալ։
Իր հայտարարության մեջ Ստեֆան Դյուջարիչն ասել է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել նրանց հովանու ներքո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ մամլո խոսնակի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններից մեկ տարի անց գլխավոր քարտուղարը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը և հույս հայտնում, որ նման ջանքերը կշարունակվեն լայնածավալ երկխոսության շրջանակներում՝ առկա խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար, նշել է Դյուջարիչը:
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին: Նա կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և համագործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տեղում ընթացող մարդասիրական, վերականգնողական, զարգացման և խաղաղարար աշխատանքների միջոցով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ
- Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանատուն
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը. ԱԳՆ
- Լավրովն ու Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման աշխատանքները
- Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ