Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ «Գռոմ-2021» զորավարժությունը
Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «Գռոմ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։
Ավելի մանրամասն սկզբնաղբյուրում։