Ղազինյան. Իշխանությանը հետաքրքիր չէ պարզել՝ ինչ հանգամանքներում է մերժվել հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը
«Արդեն 5-րդ նիստն ենք անցկացնում արարողակարգային և ընթացակարգային հարց քննարկելու համար, քանի որ բովանդակություն և խնդիր, որը կապված է երկրի պաշտպանության և անվտանգության հետ, այդ նիստերին չեն ունեցել»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին իրենք փորձեցին օրակարգ բերել բովանդակային աշխատանք, իշխող ՔՊ խմբակցությունը մերժեց այդ առաջարկը։
«Այս անգամ ևս կփորձեմ հանձնաժողովը բերել ֆունկցիոնալ դաշտ, խորհրդարանական վերահսկողության իր հիմնական առաքելությունն իրականացնելու նպատակով այսօր օրակարգում ներառել ևս մեկ հարց։
Մասնավորապես, հայտնի դարձավ, չհերքվեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Այդ օրվա դրությամբ 356 զոհ ենք ունեցել, այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։
Հիմա մարտի դաշտում ընկած մեր զինծառայողների հարազատներն իրավունք ունեն իմանալու, թե ի՞նչ հանգամանքում է այդ որոշումը կայացվել, արդյո՞ք տեղի է ունեցել համալիր քննարկում, իրականացվե՞լ է ուսումնասիրություն, ռազմաքաղաքական անալիզ, որի հիմքով որոշում է կայացվել պատերազմը չկանգնեցնելու մասին»,- ասաց նա։
Ա. Ղազինյանն առաջարկեց ստեղծել ենթահանձնաժողով, որը, ըստ նրա, պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, մոտիվացիան, պատճառները, որոշմանը մասնակցող սուբյեկտների շրջանակը, նրանց կոմպետենտությունը, ստացված տեղեկատվության համարժեքությունն այդ որոշման կայացման համար։
Հանձնաժողովի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն առաջարկեց առաջիկա արտահերթ նիստում կամ այլ ֆորմատի շրջանակներում հրավիրել պաշտոնատար անձանց, ովքեր մանրամասն կներկայացնեն Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, պարզելու՝ կա՞, թե՞ չկա, քանի որ 10 ամիս է խոսվում է ԶՈւ բարեփոխումների մասին։
Այնուհետև հաստատեց այսօրվա նիստի օրակարգը՝ ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հիշեցնենք, որ արդեն չորս անգամ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանին չեն ընտրում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Նույն պաշտոնում այսօր կրկին ներկայացված է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Արթուր Ղազինյանն ասաց, որ իր առաջարկը մերժվեց, իշխանությանը հետաքրքիր չէ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մերժումը, որի դեպքում կարող էին չզոհվել հազարավոր մարդիկ։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անընդհատ դիմում է Ղազինյանին՝ դադարեցնել։
«Օրակարգն ինձ համար այլևս սպառված է, դա ձեր գլխացավանքն է, ձեր պատասխանատվությունն է։ Շարունակելու որևէ ցանկություն չունեմ»,- ասաց Ա.Ղազինյանը։
Այնուհետև նա և «Պատիվ ունեմ» խմբակցության մյուս անդամները դուրս եկան սենյակից։
Տիգրան Աբրահամյանը դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ ասաց. «Կարծում եմ՝ այս իրավիճակում դուք որպես մեծամասնություն, երկխոսության դիրքերից ելնելով պետք է ուղղակի փոխնախագահի պաշտոնում հաստատեիք ընդդիմության առաջադրած թեկնածուին և այս անիմաստ արտահերթ նիստերին վերջ տանք, անցնենք առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն անգործության է մատնվել. Գեղամ Մանուկյան
- Կարծես Փաշինյանն ուներ որոշում՝ համաձայնվել պատերազմը կանգնեցնել այն պահին, երբ ընկած կլիներ Շուշին. Ղազինյան
- Ղազինյան. Հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը
- Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան