Պեսկով․ Ղրիմի հետ կապված թուրքական կողմի հետ քննարկելու բան չկա
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն քննարկի Ղրիմը՝ Սոչիում կայանալիք բանակցություններում։ Այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։
«Ոչ, այս թեման սովորաբար չի քննարկվում: Ղրիմի հետ կապված թուրքական կողմի հետ քննարկելու բան չկա: Բացի այդ, նախագահը բազմիցս պարոն Էրդողանին հրավիրել է Ղրիմ` պարզապես տեսնելու, թե ինչ կա իրականում այնտեղ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը կբարձրացնի Ղրիմի ճանաչման հարցը:
Կրեմլի խոսնակը հստակեցրել է, որ երկու նախագահների բանակցությունների սկիզբը բաց կլինի մամուլի համար: Բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով 13:00-ից հետո: Պեսկովը նաև պարզաբանել է, որ բանակցություններից հետո մամուլի հայտարարություններ չեն նախատեսվում:
Նա վստահեցրել է, որ համաճարակաբանական անվտանգությունը «պատշաճ կերպով ապահովված է», սակայն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Թուրքիայի ղեկավարը պատվաստվել է:
«Ես չեմ կարող խոսել Թուրքիայի Հանրապետության նախագահի մասին: Դա իմ կողմից սխալ կլինի», - ասել է Պեսկովը:
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կարևոր է համարում Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության թեման, քանի որ նա չի ցանկանա, որ թուրքական զենքը օգտագործվի Դոնեցկում ու Լուգանսկում։
«Իհարկե, [այս թեման] կարևոր է: Դուք գիտեք, որ Ուկրաինան այն երկիրն է, որն ունի ներքին հակամարտություններ հարավ-արևելքում: Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նման սպառազինության համակարգերը, այսպես ասենք, տաք գլուխների կողմից օգտագործվեն՝ հարվածներ հասցնելու Ուկրաինայում սեփական քաղաքացիներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հունիսի 19-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն քննարկեցին ուկրաինական և թուրքական ռազմածովային ուժերի համագործակցության ընդլայնումը, որը «կօգնի Ուկրաինայի ռազմածովային ուժերում ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրմանը, նրանց պաշտպանունակության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղելիության բարձրացմանը»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան կանոնավոր շփումների ընթացքում նախատեսում է Անկարայի հետ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ ներգրավելու թեման:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին