Արցախի հարցը պետք է լուծվի՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը. Վանեցյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և քարտուղար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Ողջունելով դեսպանին՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի անդառնալի հետևանքներին: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, ինչը վերջինս պարտավորվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա խոսել է նաև այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին:
Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը: Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:
Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաև բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը:
Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի բացթողումներին, նշել, որ իրենց խմբակցությունն օգտագործելու է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը: Խմբակցության քարտուղարը մանրամասնել է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում իրենց ուղենիշները: Նա խոսել է ընդդիմադիր պատգամավորների դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Անդրադարձ է կատարվել օրենսդրական աշխատանքում ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության օրակարգին: