Այսօր հստակորեն կա մարդկանց հոսք Սյունիքից Երևան. Հռիփսիմե Ստամբուլյան
«Նախագծով առաջարկվում է՝ ըստ տարիների և ըստ գոտիականության միայն Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել հիպոտեկով ձեռք բերված բնակարանների համար եկամտային հարկի վերադարձի գործողությունը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին:
Փոխնախարաը նաև հայտնեց, որ եթե հիպոտեկային վարկը ստացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը և բնակարանը ձեռք է բերվել առաջին գոտում, ապա համակարգը հաջողությամբ կկիրառվի, իսկ այդ ժամկեկտից հետո հիպոտեկային վարկեր վերցնելու դեպքում եկամտահարկի վերադարձի համակարգը չի գործի:
Ըստ Պողոսյանի՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո վերցված հիպոտեկային վարկերի գծով Երևանի երկրոդ գոտում գնված բնակարանների համար այն կդադարեցվի, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ նաև երրորդ գոտում կառուցված բնակարանների համար կկիրառվի սահմանափակումը, իսկ 2025-ից ողջ Երևան քաղաքի վարչական տարածքում հիպոտեկով գույքի ձեռք բերելու դեպքերում եկամտահարկը չի վերադարձվի քաղաքացուն:
ֆինանսների նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ նախագծի նապատակը քաղաքաշինական նպատակներով տարածքների համաչափ զարգացումն է, որով խթանելու են մարզերում շինարարությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն նկատեց, որ այդ նախագծով կառավարությունը կխթանի ոչ թե սահմանամերձ հեռավոր բնակավայրերում շինարարությունը, որն անհրաժեշտ է անվտանգության համար, այլ երևանամերձ համայնքների շինարարությունը:
«Այսօր հստակորեն կա մարդկանց հոսք Սյունիքից Երևան, չգիտեմ՝ դուք այդ ցուցանիշներն ունեք, թե ոչ, բայց հոսքը կա և այս օրինագծով այդ անվտանգային խնդրին լուծում չենք տալու»,-հայտնեց Ստամբուլյանը:
Արման Պողոսյանն ընդունեց, որ մատչելի բնակարանների ծրագրի շրջանակներում շինարարության միայն 7 %-ն է կատարվել մարզում:
«Համակարգի ներդրումից ի վեր և շահառուների թվաքանակը և բյուջեից վերադարձվող եկամտահարկի գումարը պրոգրեսիվորեն աճել են»,- նշեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ եթե 2017-18 թթ. ծրագիրը 800-1000 շահառու ուներ, ապա 2020թ-ին շահառուների թիվն ավելացել է 5000-5200-ով:
Նրա խոսքով, եթե 2016-2017 թթ. վերադարձվող եկամտահարկը մոտ 1 մլրդ դրամ էր, ապա ներկայում այն հասել է 13.5 մլրդ դրամի:
«Ակնկալվում է, որ 2021 թվականը կամփոփվի շահառուների 17000 թվաքանակով՝ այս պահին եղած 16100-ի փոխարեն, իսկ վերադարձվող եկամտահարկի գումարը կհատի 20 մլրդ դրամի սահմանագիծը»,- հայտնեց Արման Պողոսյան:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտնեց, որ հիպոտեկային վարկերը կազմում են բանկերի վարկային պորտֆելի 55%-ը և նախագծի ընդունումը լուրջ խնդիրներ կառաջացնի վերջիններիս համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան