Լիտվան Հայաստանին կնվիրի «Moderna» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ
Շարունակելով երրորդ երկրներին աջակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին նվիրաբերել Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50,000 դեղաչափ: Այս մաին տեղեկանում ենք Լիտվայի կառավարությունից։
Նշվում է, որ Լիտվայի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնարարվել է, մինչև 2021 թվականի հոկտեմբերի 4-ը, Հայաստանին հատկացնել հումանիտար օգնության 50,000 դոզա՝ առկա պաշարներից կամ COVID-ի պլանավորված գնումներից:
Հումանիտար օգնության խմբաքանակների փոխանցումը պատասխանատու մարմիններին կկազմակերպի Առողջապահության նախարարությունը՝ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ:
«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսել ոչ միայն AstraZeneca, այլև Moderna պատվաստանյութերը, քանի որ հայերը ստիպված էին շատ ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները իրենց պատվաստմանը», - ասել է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտան:
Նա շեշտել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնք ավելի դժվար են դրանք ձեռք բերում, քան ԵՄ անդամ երկրները:
Այս տարի Լիտվան արդեն 200,000 դոզա Vaxzevria (AstraZeneca) պատվաստանյութ է նվիրաբերել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին, իսկ 255,900 դեղաչափ՝ Թայվանին: Սա առաջին դեպքն է, երբ Լիտվան նվիրաբերում է Moderna-ի արտադրության պատվաստանյութ:
Լիտվան կշարունակի նպաստել Team Europe նախաձեռնությանը՝ համավարակի կառավարման ԵՄ գլոբալ ջանքերի շրջանակներում: