«Նամակ քեզ, Հայկոս ...Ներիր ինձ». Անահիտ Սիմոնյան
Հայտնի և սիրված երգիչ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, նրա մահից հետո երկու կարճ տեսանյութ է հրապարակել Ինսթագրամի իր էջում՝ դրանց կցելով նաև Հայկոյին ուղղված նամակներ։
«Նամակ քեզ, Հայկոս ...
Ես գիտեմ, դու ինձ լսում ես... Գիտեմ, որ դու միշտ ինձ մոտ կլինես և ականջիս կհուշես, թե ինչպես վարվեմ Արմանի հետ, որովհետև դու ես միայն նրա լեզուն հասկանում...
Մինչև վերջին պահը դու մեզ հաշտեցնում էիր՝ ասելով, որ դու երկու երեխա ունես: Երբ մենք վիճում էինք նրա հետ, միայն դու էիր կարողանում հաշտեցնել մեզ, զանգահարում էիր ինձ ու ասում.
- Ան, եղիր մեղմ նրա հետ, գնա, գրկիր, համբուրիր նրան։
Այնուհետև զանգահարում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ էր, գնա գրկիր, համբուրիր, դու ես փոքրը ու տղամարդու պես պետք է առաջին քայլը դու անես:
Չնայած մեր իրար չհասկանալուն, մենք միշտ միասին ենք եղել և այդ ամենը երբեք չէր առանձնացնում մեր հոգիները իրարից։
Դու արթնանում էիր՝ զանգում էիր ինձ, ես էի արթնանում՝ զանգում քեզ, և մինչև վերջին օրերն էլ մենք զգում էինք, որ աշխարհում չկա ավելի հարազատ մարդ, և չի էլ կարող լինել մեկը, ով մեզ պես կկիսի մեր ուրախությունը կամ ցավը...Ինչպես և ոչ ոք չի կարողանա հասկանալ և զգալ այն ցավը, որը հավիտյան հետք կդառնա իմ սրտում...
Ես չեմ կարողանա մեր երեխային տալ այն էմոցիաները, որոնք դու ես տվել նրան, քանի որ ձեր կապն այլ էր...Դուք, ինչպես մեկ ամբողջություն, սիրում էիք միմյանց և կատակներ անում իմ մասին, որ ես նորից կսկսեմ խանդել ձեզ...
Կուզեի թեկուզ և ողջ կյանքում ձեր սիրո համար խանդով ապրեի, բայց ապրեի քո ներկայությամբ ...
Երանի ես ինչ-որ կերպ կարողանայի օգնել քեզ .. բայց չէի կարող .. ներիր ինձ, որ չեմ կարող քեզ ոչ մի հարցում օգնել ...»։
Իսկ մյուս տեսանյութին կցած նամակում նա, մասնավորապես, գրել է.
«Առանց քեզ ես մնացել եմ թույլ ու անուժ, ես չեմ կարողանում ասել Արմանին...
Ես նրան փակել եմ տանը, որպեսզի փողոցում այդ մասին նրան ոչ ոք չասի։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկությունը և չի էլ գիտակցում, թե ինչու են բոլորը վշտացած։
Ես չեմ կարող նրան ասել այդ մասին, ուղղակի չեմ կարող...Ինչո՞ւ դու դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ...
Հիմա բոլորն ինձ ասում են, որ պետք է ուժեղ լինեմ, լինեմ և մայր, և... բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել...
Հանգչիր խաղաղությամբ... Բայց խոստացիր միշտ մեզ հետ լինել... Եղիր մեր պահպան հրեշտակը։
Իմ ամենահարազատ մարդ... Ներիր ինձ»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը
- Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը
- Դու միշտ մեր սրտերում կլինես. «Եվրատեսիլ»-ի էջի գրառումը՝ Հայկոյի մասին
- Մահացել է Հայկոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան