Հորմոնների երկարատև օգտագործումը կարող է բերել կատարակտի արագ խորացման.Աննա Հովակիմյան
«Կորոնավիրուսն ախտահարում է մի շարք օրգաններ և համակարգեր՝ շնչառական համակարգը, սիրտը և տեսողական օրգանը նույնպես զերծ չի մնում խնդիրներից»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանը:
Ըստ բժշկի՝ վերջին ամիսներին շատացել է կոնյուկտիվիտներով դիմող հիվանդների թիվը, բայց այն ամենամեղմ ախտահարումն է, որը հաճախ առանց հատուկ բուժման կարող է ինքնուրույն անցնել 7-10 օրում:
Աննա Հովակիմյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի պատճառով լինում են նաև աչքի խոռոչում շատ ավելի լուրջ բորբոքումներ՝ ուվեիտներ, թրոմբոզներ:
Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ խցանվել են աչքը սնուցող կարևոր անոթները, և դրանց սնուցումը վերականգնել հնարավոր չի եղել, ինչը հանգեցրել է կուրության:
Տեղեկացնելով, որ բժշկական կենտրոնի ուսումնասիրության արդյունքներն ԱՄՆ-ում տպագրվել է հայտնի ամսագրերից մեկում՝ «Cataract & Refractive Surgery»՝ բժիշկը ներկայացրեց. «Հոդվածում մենք աշխարհում առաջինը ներկայացրեցինք ուվեիտների ամենամեծաքանակ թվով հիվանդների դեպքերը: Այն մարդիկ, որոնք մեզ դիմել էին աչքի խոռոչի, անոթաթաղանթի բորբոքումներով, որոնց բուժել ենք, մենք այդ դեպքերը ներկայացրեցինք աշխարհին»:
Նա քաղաքացիներին հորդորեց զգոն լինել կորոնավիրուսով վարակվելու դեպքում և ախտանիշներ զգալուց անմիջապես հետո դիմել բժշկի:
Աննա Հովակիմյանը տեղեկացրեց, որ համաճարակի պատճառով շատերը մի քանի ամիս տանից դուրս չէին գալիս և, հատկապես տարեցների շրջանում, աճել է ուշացած դիմելու դեպքերի թիվը:
Բժիշկը տեղեկացրեց, որ կովիդով հիվանդներին բուժելու համար հաճախ կիրառում են հորմոններ, որոնց երկարատև օգտագործումը կարող է բերել կատարակտի արագ խորացման և հավելեց, որ եթե այն և գլաուկոման կարելի է վիրահատելով բուժել, ապա տրոմբոզների դեպքում այն ծայրահեղ դժվար է բուժել, իսկ ուշացումները հանգեցնում են անդարձելի ախտահարումների: