Բացի Հայաստանից, ամբողջ աշխարհում չենք գտնել գոնե մեկ երկիր, որտեղ գյուղերում ծնելիությունն ավելի ցածր լինի, քան քաղաքներում. Աննա Հովհաննիսյան
«Հայաստանում աննախադեպ իրավիճակ է, երբ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքայինում: Երբեք նման բան չի եղել»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը՝ Panorama.am-ի հետ զրուցելով Հայաստանում գյուղական և քաղաքային բնակավայրերում ժողովրդագրական իրավիճակի մասին:
Նա նշեց, որ նույնիսկ ամբողջ աշխարհում չեն կարողացել գտնել գոնե մեկ երկիր, որտեղ գյուղական բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր լինի:
«Սովորաբար Հայաստանում ծնելիության առյուծի բաժինն ընկնում էր գյուղական բնակավայրերի վրա, գյուղերում կային ավելի շատ բազմազավակ ընտանիքներ: Այսինքն գյուղերում ունենք լուրջ խնդիր, մտածելու տեղիք է տալիս, թե ինչու հիմա գյուղերում այնքան երեխա չեն ունենում, որքան նախկինում»,-Ա. Հովհաննիսյանը:
Նա թվարկեց մի քանի պատճառ, որոնցով էլ պայմանավորված է գյուղերում ծնելիության նվազումը:
Նախ, ըստ Ա. Հովհաննիսյանի, բնակարանաշինության հարցն է շատ կարևոր, քանի որ բոլոր նախագծերը կատարվում են Երևանում. «Եթե երիտասարդ ընտանիքը ցանկանում է գնել բնակարան, անպայման պետք է գա քաղաք, գոնե մարզկենտրոն, որպեսզի կարողանա բնակարան ձեռք բերել առաջնային շուկայից»:
Երկրորդը՝ կրթության որակն է, մշակութային կյանքը, երեխաների համար զարգացման հնարավորությունների ցանկությունը:
Նա ասաց, որ ամենակարևոր գործոններից է նաև աշխատանքը, զբաղվածության ապահովումը գյուղական բնակավայրերում:
«Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կատարեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, գյուղական բնակավայրերում երեխա ունեցող կանայք սկսեցին ստանալ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ անկախ զբաղվածության կարգավիճակից, ինչը նախկինում վերաբերում էր միայն զբաղված կանանց:
Հիմա գյուղական բնակավայրերի կանայք, եթե գործազուրկ են, ամսական ստանում են 26 հազար 500 դրամ, եթե աշխատող են, այդ գումարի կրկնակին՝ 53 հազար դրամ:
Մեծ հույս ունեմ, որ այս փոքր, բայց կարևոր քայլը մեծ ազդեցություն կունենա հետագայում մեր ժողովրդագրական իրավիճակի վրա»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է գյուղերից արտագաղթին, մասնավորապես տղամարդկանց շրջանում՝ կապված արտագնա աշխատանքի հետ, նա ասաց. «Եթե նախկինում արտագաղթը ժամանակավոր, սեզոնային բնութ էր կրում, ամռան ամիսներին աշխատել են, Ամանորին մոտ վերադարձել, հիմա իրավիճակը մի քիչ փոխվել է, կան դեպքեր, երբ աշխատելուց հետո տանում են նաև իրենց ընտանիքներին»:
Աննա Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծեց՝ խնդիրն այդքան արտագաղթը, աշխատանքը չէ, ինչքան ուրբանիզացիան, ներքին միգրացիան, որ գյուղաբնակները գալիս են քաղաք կրթական, մշակութային օջախներից օգվելու համար, պայմանավորված զբաղվածության հարցով: Խոսքը հատկապես վերաբերում է երիտասարդներին:
«Գյուղական բնակավայրերի երիտասարդությանը պետք է առհասարակ շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել և պահել բոլոր քաղաքականությունների, ռազմավարությունների կենտրոնում, որպեսզի չունենանք ծերացող և դատարկվող գյուղեր»,- ընդգծեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան