Գյումրիում կբացվի Հայկական ազգային խորհրդանշանների թանգարան
Հոկտեմբերի 3-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա «Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի» և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ի պաշտոնական բացումը։ Այս մասին հայտնում է «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանում ցուցադրվելու են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։
Առանձին սրահում ցուցադրվելու է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։
Ցուցադրվող նմուշները լավագույնս ներկայացնում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբների ազգային սպասումը՝ պետականության վերականգման ակնկալիքով։
Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։
Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։
«Ակումբ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որը տրամադրվելու է տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ կազմակերպելու՝ ինչպես նաև լուսանկարչական շարքեր ու կինոնկարահանումներ իրականացնելու համար։
2021 թ․ թանգարանը (Պուշկինի փող․ 1-ին նրբանցք, տուն 2: Մուտքը՝ Պուշկինի երկրորդ նրբանցքի կողմից) բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։
Հարակից հրապարակումներ`
- Լուսանկարչական բացառիկ հավաքածուի ցուցադրություն «Հայուհի» թանգարանում
- Գումրիում կբացվի «Հայուհի» թանգարանային ցուցադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները