Հայաստանի բնակչության մոտ 10-12 տոկոսը համարվում է տարեց
Ըստ ՄԱԿ-ի սանդղակի, եթե տարեցների տեսակարար կշիռը երկրում 7 տոկոսից ավելի է, երկիրը համարվում է ծերացող: Հայաստանը համարվում է ծերացող երկիր, որտեղ կենսաթոշակային տարիքի՝ 63 տարեկան և բարձր, բնակչության տեսակարար կշիռը մոտ 14 տոկոս է: Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսին ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
«Այս հարցի հետ կապված Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ»,- ասաց նա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, ըստ կանխատեսումների, 2050թ-ին Հայաստանում տարեցների տեսակարար կշիռը կկազմի մոտ 24 տոկոս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր չորրորդը կլինի 65-ից բարձր, իսկ յուրաքանչյուր երրորդը՝ 60-ից բարձր տարիքի։
«Այս միտումներն իրենց հետ շատ լուրջ մարտահրավերներ են բերում, որոնք պահանջում են բազմաշերտ ու տարբեր լուծումներ ինչպես քաղաքականություն մշակելու ոլորտում, այնպես էլ նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելու առումով, որպեսզի կարողանանք դիմակայել և պատրաստված դիմավորենք այդ մարտահրավերները»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգողը:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մշտապես աջակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ռազմավարություն մշակելու, ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու համար, այդ աջակցությունը շարունակական է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի բնակչության մոտ 10-12 տոկոսը՝ 300-320 հազար մարդ, համարվում է տարեց, այսինքն 65 և բարձր տարիքային խմբի անձ են:
«Ինչո՞ւ է որևէ երկիր համարվում ծերացող: Երկու կարևոր բաղադրիչ կա՝ ծնելիության իջեցում, երիտասարդ բնակչության շրջանում արտագաղթը: Հայաստանում առկա է և առաջին բաղադրիչը, և երկրորդ, որի պատճառով ունենք այդ ցուցանիշները»,- ասաց Հ. Հարությունյանը:
Կոնգրեսի ընթացքում տեղացի և արտասահմանից հրավիրված անվանի, իրենց ոլորտում առաջնակարգ բժիշկներ կներկայացնեն հիվանդությունների՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, դրանց վարման, կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումները՝ նպաստելով ՀՀ-ում գերիատրիայի զարգացմանը։
Կոնգրեսը կազմակերպել են Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «CISPop Better Data, Better Policies» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան