Հերոսը՝ գայլ կինն է. Մնջախաղի պետական թատրոնի պրեմիերան
Երևանի Մնջախաղի պետական թատրոնը հոկտեմբերի 17-ին և 24-ին Հայաստանի թատերական գործիչների միության բեմում հանդես կգա պրեմիերայով՝ «Դեպի ներս» մոնոներկայացմամբ: Բեմադրիչը և դերակատարն է Նաիրա Եդիգարյանը: Panorama.am-ին պրեմիերայի մասին տեղեկացրեց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի PR մենեջեր Կիմի Գալստյանը:
Կին գայլը չգիտի՝ գայլից է մարդու վերածվել, թե մարդուց գայլի. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են, մինչև իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Բայց պետք է գնալ «Դեպի ներս», ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը և ապրել, ապրել ու ապրել...
Panorama.am-ը հետաքրքրվեց բեմադրիչից, թե ինչո՞ւ որոշվեց հենց այդ ներկայացումով հանդես գալ, ինչո՞ւ այդ թեման ընտրվեց:
«Միշտ հետաքրքել է մարդու երկվության գաղափարը, բազմաթիվ եսերիդ միջից իրականդ գտնելու, ինքդ քեզ ճանաչելու ցանկությունը: Որովհետե շատ դեպքերում հենց այդ պատճառով չես ընկալում որոշ արարքներիդ բացատրությունը, չես հասկանում ինչպես ես հայտվել անդունդում, եթե այդքան շիտակ էիր գնում ու զգույշ, որ ոտնահետքերդ անգամ չէին ուրվագծվում»,- ասաց Նաիրա Եդիգարյանը:
Նրա ներկայացմամբ, հերոսը՝ տվյալ դեպքում գայլ կինը (սեռն, ըստ էության պայմանական է), չգիտի, որ վաղուց գայլի է վերածվել: Այնուհանդերձ նրան միշտ ձգում է լուսավորը, մաքրությունը, բայց չի հասկանում թե ինչու հնարավորություն չի տրվում հատել լույսի սահմանը: Այնինչ դեռ ժամանակը չէ, հարկավոր է ապաշխարհել, մաքրվել և առաջին հերթին լույսը գտնել ինքդ քո ներսում:
«Թեման, կարծում եմ արդիական է, որովհետև մարդը բոլոր ժամանակներում նույն մարդն է իր ցավերով, տառապանքներով, սիրով, ցանկություններով: Այսինքն որևէ զգայական նոր որակներ ձեռք չի բերել մարդը»,- նշեց բեմադրիչ և դերակատար Նաիրա Եդիգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան