Արդյո՞ք սոցիալական և աշխատանքի ոլորտներում ավելի հրատապ խնդիրներ չկան
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռությանը։
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել սոցիալական փաթեթի շահառուների համար սոցփաթեթի ծառայության հավելյալ երկու նոր ուղղություն՝ մարզաառողջապահական, սպորտային համալիրներից, լողավազաններից և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն, մյուսով՝ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն։
«Այս փոփոխությունները միտված են սոցփաթեթի շահառուների, աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, նաև մոտիվացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Այս նախագծով փորձում են հասնել պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանն ու պետական համակարգից մասնավոր համակարգ կադրերի արտահոսքի կրճատմանը»,- ասաց Ռ. Սարգսյանը։
Նրա ներկայացմամբ, օրենքի, կառավարության որոշման փոփոխության նախագծերով չի նախատեսվում, որ սոցփաթեթի շահառուներ կդառնան քաղաքական պաշտոնները զբաղեցնող անձինք՝ վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, փոխնախարարները, ԱԺ պատգամավորները։ Ռ. Սարգսյանն ասաց, որ շահառուների թիվը 138 հազար 200-ից տատանվում է 147 հազար 500-ի շրջանակում։
Փոխնախարարը խնդրեց հավանություն տալ նախագծին և 24-ժամյա ռեժիմով այն ընդունելու առաջարկին։
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այդ նախագծի հրատապության խնդիրը, արդյո՞ք սոցիալական և աշխատանքի ոլորտներում ավելի հրատապ խնդիրներ չկան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Նա նշեց, որ հիմնավորումներում նշված լուծելիք խնդիրները բացարձակ համարժեք չեն առաջարկվող փոփոխության հետ՝ կապված կադրերի արտահոսքի և այլնի հետ։
«Կարևոր է արձանագրումը, որ կառավարությունը 2022 թվականի բյուջեի նախագծով 66 հազար 140 դրամ բազային աշխատավարձը չի փոխել, արդյո՞ք դրա հետ համակարծեք է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ այս գնաճի պայմաններում բազային աշխատավարձը մնացել է նույն չափով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ ամեն հաջորդ տարի, գնաճով պայմանավորված, պետական ծառայողները, հատկապես ովքեր չեն ստանում բարձր պարգևատրումներ, ավելի վատ են ապրում։
Թ. Ավետիսյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն ընդլայնել շահառուների շրջանակը, ովքեր կարող են օգտվել սոցփաթեթից, 2013 թվականից հետո 72 հազարը նորից նույնն է մնացել։
Ռ. Սարգայանը պատասխանեց, որ նախագիծը դեռևս նախորդ ԱԺ գումարման ժամանակ անցել էր բոլոր փուլերը, ընտրություններիով պայմանավորած հետաձգվել է նախագծի ընդունումը։
«Շահառուներին, որոնք լսել են, քննարկումների են մասնակցել, հարցեր են բարձրացրել, ինչո՞ւ սպասել տալ, ինչո՞ւ հնարավորություն չտալ մարդկանց օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, սակայն միաժամանակ բերելը դժվար է, նաև, իր կարծիքով, սխալ։
Ինչ վերաբերում է բազային աշխատավարձին, Ռ.Սարգսյանն ասաց, որ կառավարության ծրագրում նախատեսված է, այդ հարցը քննարկվում է, հաշվարկներն արվում են։ Նա նաև հայտնեց, որ քննարկել են շրջանակների ընդլայնման հարցը, իսկ 72 հազար դրամի մասով կարող են առաջարկություն անեն։
Հարակից հրապարակումներ`
- Սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կշարունակեն օգտվել փաթեթի ծառայություններից. Ժորա Սարգսյան
- Առաջարկվում է սոցփաթեթի գումարով մուծել ցանկացած հիփոթեքային վարկ
- Սոցփաթեթի շահառուներն իրենց գումարները կկարողանան ռազմաճակատին փոխանցել կառավարություն կարգի հաստատումից հետո
- Սոցփաթեթի շահառուները հնարավորություն կստանան փաթեթի գումարներն ուղղել ռազմաճակատին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան