«Ժողովուրդ». Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի՞ տիրապետում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են՝ գործադիրում տպավորություն է ձևավորվել, որ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի տիրապետում:
Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատրյանի մոտ «խուճապային» տրամադրություններ են, քանի որ վերջինս պետք է առաջիկայում խորհրդարանին ներկայացնի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին Խաչատրյանին իր տեղակալները «պատրաստել են», որպեսզի ՀՀ կառավարության նիստին կարճ ներկայացնի բյուջեի նախագիծը, այնուհետև կարողանա ԱԺ-ում պատասխանել ընդդիմության հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այս պահը նախարարությունում նախարարի փոխարեն իր «գործն» անում է նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանը, որը փոխնախարար է նշանակվել սույն թվականի օգոստոսից: Վերջինս էլ եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: ՀՀ ֆինանսների նախարարությունում ևս թեժ քննարկում են նախարար Խաչատրյանի՝ այդ ոլորտից անտեղյակության հարցը, քանի որ մինչև Խաչատրյանը գրեթե բոլոր նախարարները իրենց գործի «վարպետն» են եղել:
Իսկ հիմա նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու ԱԺ-ում, երբ նախարարը ներկայանա 2022 թվականի պետական բյուջեի կատարողականով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում