«Ժողովուրդ». Եթե կրկին կալանքի տանեն Դավիթ Գալստյանին, նրա հետևից «գնալու են» Արտակ Դավթյանը, Դավիթ Տոնոյանը և այլ պաշտոնյաներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաև նրան:
Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, և դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետևից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից և ազատ արձակվեց մայիսի 17-ին. նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:
Այդ ապրանքը մատակարարվել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, և դեռ ավելին՝ ցուցմունք չի տալիս: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, Դավիթ Գալստյանը ևս, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում