Նրանք, ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, պատասխան են տալու. դատավոր Պապոյան
«Ես ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակում եմ աշխատել։ Երբ ես տեսնեմ, որ իմ գործելաոճի մեջ փոփոխություն կլինի, ես այլևս չեմ աշխատի», -Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր իշխանությունների գալուց հետո փոփոխություն եղել է իր գործունեության մեջ:
Անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, թե վեթինգի կարիք կա, դատավորն ասաց. «Ես չեմ կարող ասել, որ դատական իշխանությունը կատարյալ է, ինչպես կատարյալ չեն իշխանության մյուս ճյուղերը: Արդեն մոտ երեք տարի է վեթինգի մասին խոսվում է, մասնավորապես գործադիր և օրենսդիր իշխանության կողմից, ես ի վերջո, չհասկացա, թե վեթինգ ասվածն ինչ է, ինչ է լինելու, լինելու է, թե չի լինելու»:
Լրագրողի հարցին, թե մտավախություն չունի՞, որ անցանկալի դատավորներից իշխանությունը կփորձի ազատվել, Մ.Պապոյանը պատասխանեց. «Ես բացարձակ որևէ մտավախություն չունեմ, այդ թվում աշխատանքը կորցնելու: Այնուամենայնիվ, 40 դատավորի մասին, որ խոսվում է արդարադատության նախարարի կողմից, արդեն տարիներ շարունակ տարբեր դատավորների մասին տարբեր խոսակցություններ են լինում: Ի վերջո, ես ուզում եմ հասկանալ, թե որտեղից է գալիս այդ խոսակցությունը, ցուցակում հայտնված այս կամ այն դատավորն ինչ է արել և ինչպես է իրեն դրսևորում: Եթե դրանք օպերատիվ տեղեկություններ են, ինչու օպերատիվ մարմինը հետևողականորն չի աշխատում: Եթե դրանք ուղղակի ասեկոսեների արդյունք են, ապա ասեկոսեների արդյունքում գնահատական տալ դատավորին, կարծում եմ, սխալ է:
Եթե արդարադատության նախարարն իր աշխատասենյակում նստած ինչ-որ դատական ակտերին գնահատական տալով է գալիս այդպիսի եզրահանգման, դա մի ուրիշ խնդիր է, իսկ եթե օպերատիվ մարմինների կողմից տեղեկատվություն է, ապա ինչու է այդ տեղեկատվությունը հասնում արդարադատության նախարարին, ոչ թե հենց իրենք իրենց մարմիններում չեն ռեալիզացնում այդ օպերատիվ տեղեկությունները:
Այնուամենայնիվ, 3 տարի մենք անընդհատ լսում ենք, որ դատական համակարգում անհրաժեշտ է իրականացնել վեթինգ, որ այսքան տոկոսը սխալ է աշխատում, չպետք է աշխատի: Եթե դա իրականություն է, ապա ես կցանկանամ, որ այդ անձինք, որոնք թույլ են տվել սխալ, պատասխանատվության ենթարկվեն»:
Նա նշեց, որ իշխանության տարբեր հայտարարությունների պատճառով դատական իշխանության վարականիշը որոշակիորեն նվազում է։
Հարցին՝ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ԱԱԾ-ն Վերաքննիչ դատարանի մի շարք դատավորների, այդ թվում իրեն, գաղտնալսել են, դատավորը պատասխանեց. «Այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, եղել են այդպիսի գաղտնալսումներ: Մեծ հաշվով ուզում եմ հասկանալ, թե 2 ու ավելի տարի ձգվող քրեական գործն ինչ ելք է ունենալու:
Բոլորովին վերջերս կասեցվեց այդ քրգործը, այնուհետև վերսկսվել է, ստացել եմ համապատասխան որոշումները: Ինչ են քննում, ում վերաբերյալ են քննում, ինչու են այսքան երկար քննում, չեմ կարող պատասխանել:
Ես համբերատար կսպասեմ, հետևողական կլինեմ և իմ գնահատականը կտամ, երբ որ նախաքննության ավարտը կհայտարարվի:
Կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք առնչվել են, ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, նրանք բոլորը պատասխան են տալու իրենց արած սխալի համար, այդ թվում նաև իմ կոլեգաները: Ընդ որում, բոլորի համար պարզ է, որ գաղտնալսումը և հեռախոսազանգերի վերծանումը ստանալը առանց դատարանի թույլտվության չի լինում։ Գիտեմ, թե որ դատավորն է այդ թույլտվությունը տվել»,- ասաց նա:
Հարցին՝ վերջին շրջանում կարգապահական վարույթներ են հարուցվում դատավորի նկատմամբ նրանց կայացրած դատական ակտերի հիմքով, այս հանգամանքն իրեն որքանո՞վ է կաշկանում, դատավոր Պապոյանն ասաց. «Չեմ ողջունում։ Իհարկե, ինձ չի կաշկանում։ Իսկ եթե հետևողական լինենք, կտեսնենք, որ ԲԴԽ-ն կարողանում է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ դրական են գնահատվում։ Այսինքն այնպես չէ, որ դատական իշխանությունն այս պահին գտնվում է հալածյալի վիճակով։ Իմ գնահատականն այս պահին այսպիսիսն է, իհարկե, որևէ երաշխիք չունեմ վաղվա օրվա հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին