Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության
Հոկտեմբերի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, իր երախտագիտությունն է հայտնել Շվեդիային, ինչպես նաև միջազգային դիվանագիտական առաքելություններին պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է բերել Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ազգային և հոգևոր կյանքով ապրելու հնարավորության ընձեռնման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է նաև, որ Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության հետ։
Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել պատերազմից հետո իր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Դեսպանն ընդգծել է նաև, որ մեծապես տպավորված է Հայաստանով և հայ ժողովրդի հյուրընկալությամբ։ Պրն․ Պատրիկ Սվենսոնը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ դեսպանությունը ջանքեր է գործադրելու հայ-շվեդական կապերը տարբեր բնագավառներում առավել խորացնելու ու զարգացնելու ուղղությամբ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը Շվեդիայի թագավորության դեսպանին ներկայացրել է Մայր Աթոռի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և ներկայում իրականացվող գործունեությունը՝ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումն ու գործադրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան