«Գիտուժ»-ի անդամներ. Գիտության ֆինանսավորման ավելացումը դրական քայլ է, բայց ոչ բավարար
«Գիտությանը տրամադրվելիք գումարն ավելացել է ոչ թե 80, այլ 60 տոկոսով»,- «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը՝ անդրադառնալով պետական բյուջեով գիտության ոլորտի հաջորդ տարվա ֆինանսավորման ավելացման լուրերին։
«Սա դրական շարժ է, բայց եթե համեմատում ենք ԱԹՍ-ի գնի հետ, ապա մեկ ու կես ԱԹՍ-ի գումար ունենք՝ հատկացված գիտությանը։ Դրական տեղաշարժ է, բայց թե ինչքանով է լուծելու առկա խնդիրները, դեռ կխոսենք»,- ասաց Սաֆարյանը։
«Գիտուժ» նախաձեռնության մեկ այլ անդամ Նարեկ Վարդանյանը հիշեցրեց՝ գիտության ֆինանսավորման հետևողական բարձրացումը կենսական անհրաժեշտություն է, այն հարկավոր է երկրի կայուն զարգացման, համաշխարհային նշանակության արժեք ստեղծելու համար։ Միջազգային արժեք ստեղծելու համար, ըստ բանախոսի, հարկ է, որ գիտությանը, հետազոտական աշխատանքներին տրամադրվի բյուջեի 4%-ը։
«Չնայած հեռու ենք այդ ցուցանիշից, բայց պետք է արձանագրենք, որ սա դրական քայլ է։ Կարևոր է, որ գիտությունը դասվել է առաջնահերթությունների շարքը, գիտության ու գիտահետազոտական ոլորտին հատկացված գումարներն ավելացել են։ Ողջունելի քայլ է, որը պետք է շարունակություն ունենա»,- ասաց նա։
Գ. Սաֆարյանի խոսքով, ենթակառուցվածքների զարգացումը նոր շունչ կհաղորդի գիտահետազոտական աշխատանքներին։
«Բայց ես կրկնում եմ, սա բավարար չէ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, այն ծավալով մասնագետների հայրենադարձություն կազմակերպել, որը նախատեսել ենք, կիրառական գիտությունների զարգացման համար»,- նշեց նախաձեռնության անդամը։
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկան Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով հաջորդ տարի նախատեսվում է գիտության պետական ֆինանսավորման զգալի ավելացումը, որն ուղղվելու է ինչպես գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այնպես էլ գիտական ենթակառուցվածքների զարգացմանը։