Բնակչության միայն 13 %-ն է տանը ձուկ օգտագործում. Դավիթ Պիպոյան
«Ուսումնասիրել ենք մեր բնակչության սննդակարգը նաև համավարակի ժամանակ, և եկել այն եզրահանգման, որ մարդկանց սննդակարգը վատացել է համավարակի պայմաններում»,- այսօր ասուլիսում հայտնեց ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ներկայացնելով ՀՀ բնակչության սննդակարգի ուսումնասիրության արդյունքները:
Նա հայտնեց` այդ արդյունքն անակնկալ չէր, բայց անակնկալ էր, որ վատորակ սնունդ են ապահովվել ոչ միայն խոցելի ընտանիքները, որոնք եկամուտ կամ աշխատանք էին կորցրել, այլև այն ընտանիքները, որոնք ֆինանսական խնդիրներ չունեին։
«Այսինքն, մնալով տանը, մարդիկ ոչ թե աղցան են պատրաստել, բանջարեղեն կերել, այլ պատրաստել են քաղցրավենիք, ադի-բուդի, և այն մարդիկ, որոնք աշխատանքային առօրյայում ֆասթ-ֆուդ էին օգտագործում, տանը մնալով նույնն են արել»,-հայտնեց մասնագետը և պնդեց, որ հետազոտությունը հաստատել է այն թեզը, որ Հայաստանում վատորակ սնունդ սպառելը պայմանավորված չէ բացառապես ֆինանսական միջոցներով։
Հաստատելով, որ կապ կա աղքատության և սննդակարգի միջև, և չի կարող ցածր եկամուտ ունեցող ընտանիքը բոլոր անհրաժեշտ մթերքներն օգտագործի՝ Պիպոյանը տեղեկացրեց, որ հետազոտության արդյունքներով Հայաստանի բնակչության 20%-ը չի ստանում անհրաժեշտ կալորիաները, որը պայմանավորված է ցածր եկամուտով։
Ըստ Պիպոյանի՝ գյուղերում, որտեղ միրգ-բանջարեղեն են աճեցնում, այն օգտագործում են միայն հասունացման սեզոնին, իսկ ցուրտ սեզոնին գյուղացիները չեն կարող իրենց թույլ տալ նման մրգեր գնել։
«Մեկ քաղաքացին 22-30 հազար դրամ կարող է ծախսել, որպեսզի հնարավորին նորմալ սննդակարգ ունենա, իսկ եթե ընտանիքում չորս անդամ կա, և մեկն է աշխատում, կամ երկուսը, դա նշանակում է եկամտի կեսը կամ մեծ մասը պետք է ծախսեն սննդամթերքի վրա, մինչդեռ մարդիկ այլ կարիքներ էլ ունեն»,- հայտարարեց սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար։
Նա բերեց ձկնամթերքի օրինակը և հայտարարեց, որ ԳԱԱ իրենց կենտրոնում ձուկը բանկետային սնունդ են անվանում, քանի որ մարդԻկ միայն այդ միջոցառումների ժամանակ են այն ուտում և միայն բնակչության 13 %-ն է տանը համապատասխան չափաբաժնով օգտագործում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան