Հույս ունեմ՝ ապագայում բոլորը կկարողանան Անկախության օրը նշել «ազատ Կիպրոսում». Նիկոս Անաստասիադիս
Ուրբաթ օրը Նիկոսիայում զորահանդես է տեղի ունեցել՝ հոկտեմբերի 1-ին Կիպրոսում նշվող հիմնական ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս տարի բրիտանական գաղութատիրությունից Կիպրոսի ազատագրման վաթսունմեկերորդ տարեդարձն է: Այդ մասին Կիպրոսից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Զորահանդեսին, որն ավանդաբար անցկացվում էր Ստրովոլոսի Իոսիֆ Հաճիոսիֆի պողոտայում (պաշտոնապես արվարձան, բայց դե ֆակտո Կիպրոսի մայրաքաղաքի վարչական տարածք), ներկա էին ցամաքային, ռազմածովային, ավիացիոն ստորաբաժանումների անձնակազմերը, հատուկ նշանակության ստորաբաժանումը, ինչպես նաև Ազգային գվարդիան, որը միավորում է կղզու բոլոր զինված ուժերը: Հանդիսատեսին ցուցադրվել են վերջին արտադրության զենքերը, այդ թվում՝ տանկեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր:
Շքերթը ղեկավարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
«Մենք նշում ենք պետության ձևավորման վաթսունմեկերորդ տարեդարձը, որին հասել ենք գաղութային լծի դեմ պայքարի արդյունքում: Փառք և պատիվ նրանց, որոնք զոհվեցին հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է նա՝ ոգեկոչելով ոչ միայն 1955-1959 թվականներին Մեծ Բրիտանիայի դեմ անկախության համար ազգային-ազատագրական պայքարի զոհերին, այլև 1974 թվականին թուրքական ներխուժման հետևանքով զոհվածներին:
Անաստասիադիսը շեշտել է, որ Կիպրոսի բնակիչներն անցել են բազմաթիվ փորձությունների ու զրկանքների միջով, բայց կարողացել են աղքատ երկիրը վերածել ժամանակակից եվրոպական պետության:
Կիպրոսի նախագահը նաև ցանկություն է հայտնել, որ Կիպրոսի անկախության օրը նշեն ոչ միայն կիպրոսցի հույները, այլ նաև կիպրական թուրք համայնքը: «Ես այսօր ավելի ուրախ կլինեի, եթե կիպրոսցի թուրքերը մեզ մոտ նշեին այս տոնը»,- շեշտել է նա:
Անաստասիադիսը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլորը կկարողանան Անկախության օրը նշել «ազատ Կիպրոսում», որոնց վրա չեն ազդի Թուրքիայի ծրագրերը: