Երեք տարի առանց Շառլ Ազնավուրի
100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ՝ Շառլ Ազնավուր՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։ Երեք տարի առաջ այս օրը աշխարհահռչակ շանսոնյեն հեռացավ այս կյանքից դեպի հավերժություն՝ թողնելով հարուստ ու անկրկնելի ժառանգություն։
Նա ծրագրել էր ելույթ ունենալ իր ծննդյան 100-ամյակին՝ 2024 թվականի մայիսի 22-ին, սակայն...
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում՝ հայ գաղթականների ընտանիքում ծնված Շառլը։
Չնայած այդ դժվարություններին՝ ձեռք է բերել համաշխարհային համբավ և ճանաչվել 20-րդ դարի լավագույն երգիչ, երգել աշխարհի լավագույն բեմերում։
Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով:
Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ:
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով
- Փարիզում բացվեց Ազնավուրի կիսանդրին
- Մայիսի 22-ին, ժամը՝ 18․00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք կանցկացվի
- Վառնայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
- Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է
- Նիկոլյա Ազնավուրը պատմել է, թե ինչպես է շանսոնյեն 1988 թվականին մոբիլիզացրել համաշխարհային հանրությունը
- «Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
- Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում
- Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Երկրորդ
- Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան