Եթե չլիներ իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը․ Սերժ Սարգսյանն՝ Ալիևին
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած համաժողովի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արդարության ճգնաժամին՝ շեշտելով, որ այն և′ ներքաղաքական է, և′ տարածաշրջանային։
«Անարդար է, որ պատերազմի մունետիկ և պարտություն տարած կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած ժողովրդի անեծքին։ Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո, այժմ մեզ փորձում են թելադրել այսպես ասած խաղաղասիրական օրակարգ։ Անարդարությունից չի կարող ծնվել ո′չ ներքին կայություն, և ո′չ էլ արտաքին խաղաղություն»,- իր ելույթում ընդգծեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագան անդրադարձավ նաև Ալիևի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իրեն և Հայաստանին։
«Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարները։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և' դու, և' հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե′ ռազմի, թե′ դիվանագիտության դաշտում։
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ ամեն օր, ամեն ժամ արցախահայության անվտանգությունը լրջագույնս սպառնալիքի տակ է։
«Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերն ու հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ»,- նշեց նա։
Անդրադառնալով նոր պատերազմ հրահրելու մեղադրանքներին, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ իրենք պատերազմի կուսակցություն չեն, իրենք պատերազմի միջով անցած են։
«Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից հետո ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ օրս շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական և այլն։ Մենք դեմ ենք նոր պատերազմին։ Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։ Մենք հո՞ խելագար չենք:
Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։
Ուստի, մեր խնդիրն է`առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում ու երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ այսօրվա միջոցառումը նվիրված է կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին։
Նրա խոսքով՝ իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։
«Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։ Նույն առաքելությունը մենք ունենք այսօր, և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։
Մեր կուսակցության համար այլևս գերակա է իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման և հզորացման ուղղությամբ, ինչը, ըստ իս, առաջնահերթ է հետևյալ վեց հիմնական ուղղություններով՝
1. կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում,
2. տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
3. կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
4. կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
5.կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
6.ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:
Կուսակցության կազմակերպական ուժի մեծացման տեսակետից հատկապես առաջնահերթ նշանակություն ունեն, իմ կարծիքով, առաջին երեք ուղղությունները:
Իհարկե, ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը լրացուցիչ քննարկումների, մշակումների, մանրամասն ծրագրերի և իրականացման ճանապարհային քարտեզի անհրաժեշտություն ունի։
Վստահ եմ, որ մեր աշխատաժողովը, դրան հաջորդող ժամանակահատվածը, ինչպես նաև այս տարվա վերջին նախատեսվող ՀՀԿ համագումարը կնապստեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը` ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի:
Հաջողություն եմ մաղթուն այս աշխատանքներին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Շռապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին` մեզ օժանդակելու, մեզ աջակցելու համար, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղված մեր պայքարը»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Պատեհ պահի մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը բացառապես խորհրդարանից դուրս
- Թոմաս Շրապել. Լինելու ենք ՀՀԿ-ի կողքին և օժանդակելու ենք Հայաստանի զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան