Աղվան Հովսեփյանի կալանավորման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կլինի հոկտեմբերի 4-ին
ՀՀ վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման իրավաչափության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 11:30-ին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է սեպտեմբերի 7-ին. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել:
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):
ՀՔԾ-ից հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Արձագանքելով առաջադրված մեղադրանքին՝ Հովսեփյանի պաշպաններից Գագիկ Խաչատրյանն ասել էր. «Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբանությամբ։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը բնականաբար չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները շինծու են
- Վերաքննիչ դատարանն այսօր կքննի Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի բողոքը
- Աղվան Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ․ Փաստաբան
- Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան