Ուրասարի Ջրաշուշանների լիճը վտանգի տակ է․ Արամանիսի ոսկու հանքավայրի շահագործմանը տեղացիները դեմ են
Արմանիսի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը՝ նախորդ վնասներն ու խնդիրները չլուծած։ Նշենք, որ Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործման համար թույլտվություն ունի «Սագամար» ՓԲԸ-ն։
Հանքը բացման օրից առ այսօր վնասում է Ստեփանավան քաղաքին և շրջաններին, մասնավորապես՝ Արմանիսին և Ուրասարին։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյանը։
«Նախ մեզ համար անհասկանալի է, թե ինչպես էր տրվել հանքավայրի շահագործման թույլտվությունը, քանի որ բնակչությունն ի սկբանե դեմ էր։ Վստահ էինք, որ մեծ վնասներ կհասցնի, այդպես էլ եղավ։ Հանքավայրը շահագործող ընկերությունն իր պարտականությունները չկատարեց՝ աղտոտում էր շուրջբոլորը, հանքից արտանետվող պոչերը թափում էին ճանապարհներին, Ձորագետ գետի Չքնաղ վտակում ու Արմանիսի դպրոցի բակում։
Դպրոցի բակում տոննաներով թափոնների կույտ էր ստեղծվել, որ հետազոտության արդյունքների համաձայն՝ անթույլատրելի քանակով սնդիկ և մկնդեղ կար, որոնցով խաղում էին երեխաները։ Երկար պայքարից հետո միայն հաջողվեց մաքրել բակը։ Նմանօրինակ դեպքեր շատ են եղել, որոնք միշտ և զարմացրել, և զայրացրել են բնակչությանը»,- ասաց Մելիքջանյանը։
Նրա խոսքով՝ ձկնորսներն էլ պարբերաբար բողոքում են, քանի որ գետում սատկած ձկներ են տեսնում, իսկ պատճառն, ըստ նրա, «Սագամար» ընկերության թափոններն են։
Մանյա Մելիքջանյանը նշեց, որ մինչ հանքավայրն աշխատեցնելը, շահագործող ընկերությունը պետք է ունենար բարձրակարգ ֆիլտրեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեին շրջակա միջավայրին հասցվող վնասները։ Սակայն ի սկզբանե ընկերությունը չի կատարել պարտակությունները, փոխարենը թափոնները լցրել է Ձորագետը։
«Եթե նախկինում տեղացիներն ու զբոսաշրջիկներն ամռան օրերին մեծ հաճուքով հանգիստը կազմակերպում էին Ձորագետի ափին, ապա հիմա նման բան չկա։ Մարդիկ վախենում են, քանի որ տեսնում են, թե ինչպես են թափոնները թափվում գետ։ Ոչ մի նորմա չի պահպանվում»,- ընդգծեց ՀԿ ներկայացուցիչը։
Նշենք, որ հանքավայրի գործունեությունը կասեցվել էր 2015թ-ին, ավելի ստույգ՝ արդյունահանման աշխատանքները։ Ըստ մամուլի՝ ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձ չէր վճարում և գտնվում էր հարկադիր պարապուրդում։ Մեկ այլ տեղեկությամբ էլ, ընկերությունը սխալ հաշվարկեր էր արել և նախատեսված եկամուտները չէր կարողացել ստանալ, քանի որ ակնկալվող քանակի մետաղների պաշար չէր գտնվել։
Հիշեցնենք նաև, որ «Սագամար» ՓԲԸ-ն Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործման համար մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի։
Համաձայն ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 2021թ-ի հունիսի 24-ի 1006-Ա հրամանի՝ ՏԿԵ նախարարությունը վարչական վարույթ էր սկսել «Սագամար» ՓԲԸ-ի նկատմամբ, քանի որ ընկերությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չի վճարել 9 միլիոն 481 հազար 120 դրամ, ինչպես նաև 2016-2019թթ. չի շահագործել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:
2021թ. հունիսի 11-ին ՏԿԵ նախարարությունում կայացած վարչական լսման ժամանակ ընկերությունը ներկայացրել է որոշ փաստաթղթեր, ըստ որոնց՝ Կենտրոնական գանձապետարանի հաշվին է փոխանցել 9 միլիոն 124 հազար 557 դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրությունը: Համաձայն այդ գրության՝ ընկերությունում անցկացված ստուգման արդյունքները ցույց են տվել, որ 2021թ-ի մարտ ամսին ընկերությունը լեռնակապիտալ և հողային աշխատանքների հետ միաժամանակ սկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ և արդեն սկսել է արդյունահանել հանքաքար։
Մեր զրուցակիցը ևս փաստեց՝ հանքը սկսել է աշխատել։
«Մեր հարևանությամբ էլ կան աշխատողներ, որոնք գնում են աշխատանքի։ Ասում էին, որ տերերը պետք է փոխվեն, բայց տեղեկություն չունեն՝ փոխվել են, թե՝ոչ»,- ասաց Մանյա Մելիքջանյանը։
Այսպիսով, ըստ նրա, նախկինում շահագործման հետևանքով առաջացած խնդիրները դեռ չլուծված, հանքավայրը նորից է շահագործվում։ Ըստ ՀԿ ներկայացուցչի՝ տեղացիներն այսօր էլ դեմ են շահագործմանը։
Ակնհայտ է, որ հանքավայրի շահագործման պատճառով առողջարանային Ստեփանավան քաղաք զբոսաշրջիկների հոսքն էապես կկրճատվի։ Ավելին, ներկայումս Ուրասարում, որտեղ կա պահպանվող տարածք՝ հայտնի Ջրաշուշանների լիճը, արդեն իսկ վտանգի տակ է։
«Ջրաշուշանները գրանցված են ՀՀ կարմիր գրքում և հանդիպում են միայն Ստեփանավանի շրջանում՝ Ուրասարում։ Իսկ հիմա հանք շահագործողները հասել են Ուրասարի հատված, վտանգ կա, որ կոչնչանան նաև էնդեմիկ բուսատեսակները»,- ասաց Մանյա Մելիքջանյանը։
Նշենք նաև, որ տարածաշրջանում գործում է Գյուլագարակի սոճու պետական արգելավայրը, որը զբաղեցնում է 2576 հա տարածք: Գտնվում է Լոռու գոգավորությունը եզրավորող Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջերին: Եզակի սոճու անտառներ կան այնտեղ, որոնք ենթակա են պահպանության:
Նաև հավելելնք, որ երեկ՝ 01․10․2021 թ․-ին հրապարակված չեխական ընկերության հետազոտության համաձայն ՝ Ուրասարում և Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան 3-ից 8 անգամ գերազանցել է հողի համար սահմանված առավելագույն կոնցենտրացիան: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր: Իսկ ահա Պղնձի կոնցենտրացիան հողում ավելի քան 20 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։
Մյուս բոլոր ծանր մետաղները նույնպես գերազանցել են սահմանային թույլատրելի նորման։ Մանրամասներն այստեղ։
Լուսանկարները՝ «Լոռե» էկո-ակումբ ՀԿ-ի։ Արված է 2021թ-ի մայիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան