03.10.2021. «Հենակետ». Ադրբեջանցիները պահանջել են Ամարաս վանքի տարածքից հեռացնեն Արցախի պետական դրոշը
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.
«Ընդհանուր բնույթի տեղեկություններ
Շաբաթվա ընթացքում մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրել է Արցախում գործող «Royal music hall»-ի, «Queen music hall»-ի ժամանցային ակումբի սեփականատիրոջը՝ Արման Մարտիրոսյանին։ Համացանցի քննարկումներում հիմնականում հարցադումներ էր այն մասին, թե ո՞ր արժանիքի կամ ո՞ր հերոսության համար է այդ անձը պարգևատրվել Արցախի նախագահի կողմից։
Մամուլում նաև ակտիվ տեղեկություն էր տարածվում այն մասին, թե ադրբեջանական ուժերը Ամարաս վանքի ուղղությամբ առաջ են եկել և փորձել են իրենց վերահսկողության տակ վերցնել վանքը, ինչպես նաև իրենց տեղակայման դիրքերն առաջ տալ։ Տեղի ունեցածը կանխվել է, երբ ռուսական խաղաղապահ ուժերը օպերատիվ ժամանել են ու ստիպել ադրբեջանցիներին՝ հետ քաշվել իրենց նախնական տեղակայման վայր։ Ադրբեջանցիները պահանջել են, որպեսզի Արցախի իշխանությունները վանքի տարածքից հեռացնեն Արցախի պետական դրոշը, ինչը ըստ տարածվող տեղեկությունների, կատարվել է։
44-օրյա պատերազմի տարելիցին վերաբերվող միջոցառումների մասին
Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում Արցախին առնչվող քննարկված թեմաները հիմնականում վերաբերվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմին։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել, և մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ. երկարություն ունեցող դրոշը։
Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Արցախի ամբողջ տարածքում լռության րոպե էր. կրթօջախներում, աշխատավայրերում, նաև փողոցներում: Յուրաքանչյուրն այդ ժամին իր գտնվելու վայրում հոտնկայս էր։
Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նար ԱՀ ԱԳՆ-ն, Արցախի պետնախարարությունը և տարբեր այլ կառույցներ։
Սեպտեմբերի 27-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի՝ «Պատերազմի աչքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Արցախում գրեթե ամենուր հիշատակի միջոցառումներ են անցկացվել և մի շարք լրատվամիջոցներ նկատել են, որ Արցախում անցկացված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից ժամանած պատվիրակություն, պաշտոնյաներ չկային։
ՌԴ խաղաղապահների մասին
ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախի շփման գծի մոտակայքում գտնվող 27 հա տարածքով 5 այգիներում ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը:
ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում:
ՌԴ ՊՆ –ից տեղեկանում ենք նաև, որ ընթացիկ մարտական վարժանքների շրջանակներում Արցախում անցկացրել են համապարփակ զորավարժություն՝ «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում հրադադարի հնարավոր խախտումները կանխելու և դիտակետերի անվտանգությունն ապահովելու սցենարով: ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ խաղաղապահների ստորաբաժանումները կառավարվում են ժամանակակից «Ազարտ» ռադիոկայանների օգնությամբ, որոնք ազդանշաններ են փոխանցում պաշտպանված կապի ուղիներով:
ՌԴ ՊՆ հոկտեմբերի 1-ի տարածած հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին:
Պաշտոնական լրահոս
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հանդիպման ժամանակ շեշտվել է, թե չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին hրամանագիր է ստորագրել Միքայել Արզումանյանին ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։
Սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ: ՀՀ և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
ՀՀ Կառավարության որոշմամբ Արցախին հատկացվել է 13 մլրդ 473 մլն դրամ՝ 2021 թ. հոկտեմբերի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ բոլոր ժամանակներում Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է եղել Արցախի համար։
ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից հայտարարել են, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար։
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45 զինծառայող համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, իսկ 38-ը՝ գերեվարման մեջ են:
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկանում ենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների թիվը շուրջ 800 է։ Առանց մանրամասներ հայտնելու ՀՀ դատախազությունից փոխանցել են, որ 44-օրյա պատերազմի քրգործերով հարցաքննվել են նաև Արցախի նախագահն ու ՊԲ հրամանատարները։
ԼՂ հակամարտության մասին
Սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձև։ Վեհաժողովը հայտնել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության։ Վեհաժողովն իր խոր մտահոգությունն է հայտնել շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են ԼՂ շրջան աշխատանքային ուղևորությունների վերսկսումը։ Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ այժմ որևէ բռնի գործողություն չկա։
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- 27.09.2021. «Հենակետ». Ադրբեջանը սկսել է բնակելի շենքեր կառուցել Շուշիում
- 25.09.2021. «Հենակետ»-ն ամփոփել է անվտանգությանը վերաբերող թեմաները
- 20.09.2021. «Հենակետ». Քարվաճառ ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունել է կառուցում
- 13.09.2021. «Հենակետ». 2022 թ-ին Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության վրա կծախսի գրեթե 3 մլրդ դոլար
- 11.09.2021. «Հենակետ». Փորձագիտական շրջանակների կողմից թուրք-ադրբեջանական զորավարժությունները բնութագրվել են որպես սադրանք
- Սիրիական բանակը մտել է Դերաայում գրոհայինների վերջին հենակետը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան