Ռոբերտ Քոչարյան. Ծնկած բանակցելը հարմար չէ
«Տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են, որոնք մեր օգտին չեն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո՝ պարտության հետևանքով ստեղծված իրադրությանը։
Նա ներկայացրեց, փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պատերազմում պարտվել է Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանին։
«Սա առաջին դեպքն է, երբ մեկ այլ պետություն հետխորհրդային տարածքում ուղղակի մասնակցում է ռազմական գործողությունների, Թուրքիայի մասին է խոսքը։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից Ռուսաստանին չնյարդայնացնելու համար։ Հասկանում էին, որ արձագանքը կլինի շատ կոշտ, և ուղղակի չէին գնում այդ քայլին։ Հիմա ի՞նչ հետևանքներ է դա տեղի ունենալու, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը որպես գործոն դադարել է գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ այս ամենը Ռուսաստանը հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ տարածաշրջանում»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցությունն աճել է, Թուրքիայինը՝ նույնպես, ուստի Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այդ հանգամանքի հետ, Ադրբեջանի ասիմետրիան դեպի Թուրքիա երկկողմ հարաբերություններում ակնհայտորեն ավելանալու է։
«Այս 7-8 զորավարժությունները խոսում են այս վերլուծության օգտին։ Մենք հիմա խոսում ենք տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման մասին։ Ուղղակի հարց է առաջանում, լուրջ, դու ո՞վ ես։ Քեզանից ի՞նչ ես ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու և հետապնդելու ժամանակ։ Ամենից զավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես, այսօր ինքդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում առանց քո մասնակցության։
Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես։
Եվս մի հանգամանք, չես կարող խաղաղության ժամանակաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատես քո երկրում, երբ չես արել որևէ քայլ այդ նպատակին հասնելու համար հատկապես պատերազմից հետո»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի ղեկավարը համոզված է, որ նույնիսկ այդ պարագայում կարելի է ինչ-որ բան փոխել, բայց այս իշխանությունները պետք է գնան։
«Ընդհանրապես ծնկների վրա կանգնած բանակցելը հարմար չէ, ծնկած բանակցելիս մարդն ուղղակի հոգնում է, չի ստացվելու։ Հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ։ Չես կարող, չի ստացվելու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյական հարթությունում է
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
- Ռոբերտ Քոչարյան. Ալիև-Փաշինյան հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի ու հայ ժողովրդի համար
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
- ՀՀ երկրորդ նախագահ. Հիմք կա կարծելու՝ պատերազմը սկսել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան