Ֆումիո Կիշիդան խորհրդարանում ընտրվեց Ճապոնիայի նոր վարչապետ
Երկուշաբթի օրը Ճապոնիայի խորհրդարանի առանցքային ստորին պալատը ձայների մեծամասնությամբ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիշիդային ընտրեց երկրի 100-րդ վարչապետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի պաշտոնական կայքէջում:
Քվեարկության արդյունքում Կիշիդան 458 ձայնից ստացել է 311-ը: Նրան հաջորդում է Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն, որը ստացել է 124 ձայն:
Կիշիդայի թեկնածությունը հաստատելու համար քվեարկություն է ընթանում նաև խորհրդարանի վերին պալատում, որտեղ նրա օգտին կրկին կքվեարկի պատգամավորների մեծամասնությունը, քանի որ խորհրդարանի երկու պալատներում էլ իշխող ԼԴԿ դաշինքը մեծամասնություն է կազմում: Դրանից բացի, վարչապետ ընտրելիս ստորին պալատն առաջնայնություն ունի վերին պալատի նկատմամբ, և այնտեղ իրականացված քվեարկության արդյունքներն են որոշում կառավարության նոր ղեկավարին:
Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կհայտարարվի վարչապետ Կիշիդայի կառավարության կազմը: Կանխատեսվում է, որ արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին և պաշտպանության նախարար Նոբուո Կիշին կպահպանեն իրենց պաշտոնները նոր կաբինետում:
Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախկին նախարար Հիրոկացզու Մացունոն կնշանակվի կաբինետի գլխավոր քարտուղարի վարչական պաշտոնում: Ֆինանսների նախարարության հաջորդ ղեկավարը կլինի նախկին նախարարը՝ Սունիտի Սուցզուկին, որը պատասխանատու է Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիական խաղերի համար:
Կիշիդան իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում