ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ բավարարելով նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը։ Այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
«Դռնբաց նիստում Խորհուրդը հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության կանոնները խախտելու վերաբերյալ եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադարական օրենքի համապատասխան հոդվածներով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելության պահանջները խախտելու հիմքով:
Որոշումն ընդունվել է միաձայն:
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Ըստ ԿԿՀ-ի՝ դատավորը հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելու
- «Այդ արգելքը վերցված է դատարկ տեղից». ԲԴԽ-ն քննում է դատավոր Խանդանյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը