Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը
Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։
18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմից զոհվածների հիշատակը՝ կոչ անելով ազատել գերիներին։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհավորել է ներկաներին՝ փառատոնի մեկնարկի կապակցությամբ։ Նա առանձնահատուկ շեշտել է՝ փառատոնը կայանում է բավականին բարդ ժամանակներում և շնորհակալություն է հայտնել այն իրականացնող երիտասարդ թիմին, ով չի վախենում դժվարություններից։
Խաչատրյանը բեմ է հրավիրել փառատոնի մյուս երկու համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին, և նրանք երեքով ազդարարել են փառատոնի մեկնարկը։
Իր խոսքի ընթացքում Հարություն Խաչատրյանը բեմ է հրավիրել փառատոնի պատվավոր հյուր՝ ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը Շրեյդերին հանձնել է փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
Բացման արարողության ընթացքում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ փառատոնի մեկնարկը տրվում է իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին ու միևնույն ժամանակ իր մեջ է պարունակում պատերազմի նյարդը։
Ի դեպ, իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը նույնպես ներկա էր արարողությանը։ Կարեն Ավետիսյանը Լապիդին հրավիրել է բեմ և նրան հանձնել «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը։
Նադավ Լապիդը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար՝ խոստովանելով, որ իր համար անակնկալ էր այն ստանալը։
Կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրանյան» շաբաթ
- «Ոսկե ծիրան». Բուժաշխատողների համար կինոփառատոնի մրցութային ծրագրերի ֆիլմերի մուտքն ազատ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան