Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո
Թուրքիան մտադիր է այս շաբաթ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել։ «Ամուր եղբայրություն -2021» զորավարժությունները (The Steadfast Brotherhood-2021) տեղի կունենան Նախիջևանում` հոկտեմբերի 5-8-ը ընկած ժամանակահատվածում: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ զորավարժությունների վերաբերյալ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանի բանակը հայտարարեց, որ զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում:
Կիրակի օրը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտպանեց զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին, որոնք այլ պաշտոնյաներ կապում են Թեհրանի թշնամու՝ Իսրայելի հետ Բաքվի սերտ կապերով:
«Իրանը զգուշանում է Իսրայելի՝ Ադրբեջանի հետ կապերից, որը հրեական պետության նավթի հիմնական արտահանողն է: Իսրայելն, իր հերթին, Ադրբեջանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր և այլ բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք օգնեցին Բաքվին անցյալ տարվա Հայաստանի հետ պատերազմում»,- գրում է կայքը։
Առանց որևէ մեկի անուն նշելու, Խամենեին ասաց, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան, որ «իրենց ազգային շահերը սպասարկող օտար բանակները» միջամտեն իրենց գործերին կամ ներգրավվեն իրենց բանակներում:
Նա նաև ասաց, որ Մերձավոր Արևելքում օտարերկրյա ուժերի առկայությունը «ոչնչացման աղբյուր» է, և հարևան երկրներին հորդորեց «մնալ անկախ» և «միավորել ուժերը»:
Ասվում է, որ Ադրբեջանի ու Իրանի միջև լարվածությունը բորբոքվել է նաև Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների համար ճանապարհային տուրքի սահմանմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի բանակը վաղը զորավարժություններ կսկսի Ադրբեջանի և Նախիջևանի սահմաններին
- Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
- Ալիև. Ինչո՞ւ է Իրանը զորավարժություն անցկացնում մեր սահմանի մոտ
- Իրանագետ. Տարածաշրջանը նման է ամեն վարկյան պայթելու պատրաստ վառոդի տակառի
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ