Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
«Այս ուժերի գործունեությունը պետք է գնահատվի այլ անկյան տակ, սրանց գերնպատակն իշխանությունը պահելն է»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե «արևմտյան գործակալների համարում ունեցող այս իշխանությունները ամենապրոռուսական որոշումներն են կայացնում, օրինակ Սիրիա զորք են ուղարկում ռուսական դրոշի ներքո, երբ դա հրաժարվել էր անել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պրոռուսական համարում ուներ, Պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվեց ռուսական ընկերության, արևմտամետ ուժերի համարում ունեցող իշխանության կազմակերպած ընտրությունների արդյունքում ձևավորվել է ամենապրոռուսական ԱԺ-ն»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ ունի՞ ՀՀ երկրորդ նախագահն այն հարցի պատասխանը, թե իրականում ովքեր են այս մարդիկ, և արդյո՞ք նրանք Կրեմլի որոշ շրջանակների կողմից աջակցություն չեն վայելում։
«Իսկապես բարդ հարց է։ Իզմեր չունեցող իշխանությունն անելու է ամեն ինչ սեփական իշխանությունը պահելու համար։ Հիմա եթե դա ձեռնտու է անել Ռուսաստանի հետ, անելու է նրա հետ, եթե վաղը ձեռնտու է անել Թուրքիայի հետ, դա անելու է Թուրքիայի հետ, Պակիստանի հետ, ապա Պակիստանի հետ։ Այստեղ մի փնտրեք բարդ սխեմաներ, իզմերի պակասության անբարոյականությունը հենց դրա մեջ է, որ դու քեզ չես կապում սկզբունքների հետ։ Սկզբունքն աթոռ պահելն է»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Պնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցմանը, ապա Քոչարյանը հիշեցրեց, դա այն գործարանն է, որն անընդհատ կապում էին իր հետ։
«Դրա հետ երբևիցե որևէ կապ չեմ ունեցել։ Եվ դա արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից, հետևողականորեն 10-12 տարի։ Հիմա ո՞վ փայ մտավ և ո՞ւմ հետ փայ մտավ։ Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի գործարքն է, անհասկանալի տրամաբանությամբ։ Ինչ-որ չես հասկանում, թե ինչու նվիրաբերություն է արվում ու դրա կառավարումն անցնում է վարչապետի աշխատակազմին։ Աբսուրդ է։
Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆինանսների, էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ գործ ունի, ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը նման գործառույթ իրականացնելու համար։ Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենախոշոր, ամենից գրավիչ ակտիվի մեջ՝ ֆինանսական հոսքերը կառավարելու համար։ Այլ բացատրություն չկա։ Սա կոռուպցիայի դրսևորման առումով բարձրագույն պիլոտաժ է՝ լկտիության հասնող»,-նման գնահատական տվեց ՀՀ երկրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ալիև-Փաշինյան հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի ու հայ ժողովրդի համար
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը
- ՀՀ երկրորդ նախագահ. Հիմք կա կարծելու՝ պատերազմը սկսել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության
- Ռոբերտ Քոչարյան. Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ հրահրվել է