Ավստրալիայում մանկավարժը հայց է ներկայացրել ընդդեմ պարտադիր պատվաստման
Ավստրալիայի քոլեջի ուսուցչուհին դարձել է առաջինը երկրում, որը COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների որոշման համար դատի է տվել նահանգի կառավարությանը: Երկուշաբթի ABC-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ լուրի՝ ուսուցչուհի Բելինդա Սենտարը դիմել է Վիկտորիայի Գերագույն դատարան՝ դպրոցների ուսուցիչների պարտադիր պատվաստումները դադարեցնելու հայցով:
Սենտարն ասել է, որ սեպտեմբերին Վիկտորիայի ուսուցիչների և երեխաների խնամքի աշխատակիցների համար ներդրված պարտադիր պատվաստման նորմն «արդարացված չէ ո՛չ օրինականության, ո՛չ էթիկայի առումով»:
Պետական իշխանությունները բոլոր ուսուցիչներին հրամայել են մինչև հոկտեմբերի 15-ը պատվաստվել COVID-19 պատվաստանյութի առաջին դեղաչափով, իսկ երկրորդը՝ մինչև նոյեմբերի 26-ը:
«Նրանք չեն ճանաչում ինքնուրույն որոշումներ կայացնելու և բժշկական միջամտությանը համաձայնություն տալու քաղաքացու իրավունքը: Սա ինքնին խտրական մոտեցում է»,-ABC-ն մեջբերել է ուսուցչուհուն:
Նա ձգտում է անհապաղ կասեցնել պարտադիր պատվաստման միջոցառումները:
Ուսուցչուհին հղում է կատարում նաև Ավստրալիայի աշխատանքային արդար հարաբերությունների ակտին, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենսաէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին, Ավստրալիայի բժշկական և Նյուրնբերգի օրենսգրքերին:
Ըստ ABC-ի՝ Սենտարն իր հայցադիմումում նաև կասկածի տակ է դրել պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը, այն դեպքում, երբ փորձագետները հավաստիացում են, որ չկա որևէ գիտական հիմք ենթադրելու, որ այդ պատվաստանյութերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: