Թուրք վերլուծաբանի պնդումների համաձայն՝ Իրանը Սյունիքում ավիաբազա է ստեղծում
Թուրք վերլուծաբան Գյոքթուրք Թույսուզօղլուն հանդես է եկել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ հոդվածով, որտեղ պնդում է, թե ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանն Իրանին առաջարկ է արել Սյունիքում ավիաբազա հիմնել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թույսուզօղլուն նաև անդրադարձել է այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» հարցին՝ շեշտելով, որ այն Լաչինի միջանցքին համարժեք պետք է կյանքի կոչվի, սակայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո պաշտոնական Մոսկվան մինչ այժմ դրական քայլ չի կատարել այս ուղղությամբ և միայն այդ տարածքում ստեղծել է բազմաթիվ փոքր ռազմական անցակետեր՝ ադրբեջանական բանակի սահմանային հետախուզության գործունեությունը վերահսկելու նպատակով:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ միակ լուծումը, որը Նախիջևանը կազատի Իրանից ունեցած կախվածությունից բեռնափոխադրումների հարցում, «զանգեզուրի միջանցքի» ծրագիրը իրականացնելն է:
Գյոքթուրք Թույսուզօղլուն հոդվածում եզրահանգում է նրան, որ նույնիսկ եթե այս բազան բացվի, այն կարող է օգտագործվել Ռուսաստանի թույլտվությամբ և վերահսկողությամբ: Այդպիսով հնարավոր կլինի ակտիվացնել Իրանի՝ Հայաստանին աջակցելու փորձը՝ միևնույն ժամանակ չխաթարելով Մոսկվայի դիրքերը:
«Հաշվի առնելով վերջերս Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունն ու ռազմական էսկալացիան ՝ կարելի է հասկանալ, որ Երևանը ցանկանում է օգտվել այս իրավիճակից: Իհարկե, այս գործընթացում պետք է հետևել Ռուսաստանի հայտարարություններին»,- նշել է թուրք վերլուծաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո
- Իրանի խորհրդարան. Հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցն Իրան