Սեպտեմբերին Թուրքիայում գնաճը հասել է 20%-ի
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (Թուրքստատ) տվյալներով՝ սեպտեմբերին տարեկան կտրվածքով Թուրքիայի սպառողական գներն աճել են 19.58%-ով, ինչը 2019 թվականի մարտից հետո ամենաբարձրն է: Վիճակագրական տվյալները ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Օգոստոսի 19.25%-ի համեմատ գնաճն արագացավ, սակայն պարզ դարձավ, որ դա ավելի թույլ է, քան փորձագետների կոնսենսուսային կանխատեսումը, ըստ որի՝ պետք է լիներ 19.7%:
Հանրապետությունում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 28.79%-ով, էներգիայի գներն աճել են 22.77%-ով, տրանսպորտային ծառայությունները` 20.21%-ով, կոմունալ ծառայությունները` 20.97%-ով:
Առանց էներգիակիրների, սննդի և զովացուցիչ ըմպելիքների արժեքների՝ գնաճն սեպտեմբերին նախորդ ամսվա 16.76%-ից հասել է մինչև 16.98%-ի:
Թուրքիայում սպառողական գներն օգոստոսի համեմատ աճել են 1.25%-ով: Վերլուծաբանները ամսական կտրվածքով միջին հաշվով կանխատեսում էին սպառողական գների 1.35% աճ:
Սեպտեմբերի կեսերին Թուրքիայի Կենտրոնական բանկը անսպասելիորեն 19%-ից մինչև 18% իջեցրեց իր հիմնական տարեկան տոկոսադրույքը ինչը հանգեցրեց դոլարի նկատմամբ լիրայի 1.2% արժեզրկման՝ հասնելով մինչև 8.76 լիրա: WSJ-ը զգուշացրել էր, որ կարգավորիչի այս որոշումը կարող է բարդացնել համաճարակից հետո երկրի տնտեսության վերականգնման և բարձր գնաճի խնդիրը:
Ի թիվս այլ պատճառների, Թուրքիայի տնտեսությունը դժվարություններ է ապրում Մերձավոր Արևելքում հակամարտությունների և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սուբյեկտիվ գործողությունների պատճառով, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ փոխել է կենտրոնական բանկի ղեկավարին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա