Լիտվայի վարչապետ․ Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով քուրմանջի լեզվի թարգմանիչների
«Հայաստանն ու Լիտվան վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն և, կարծում եմ, որ կկարողանանք շատ բան անել միասին, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան»,- այս մասին այսօր ասաց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։
Ինգրիդա Շիմոնիտեն նշեց, որ այս տարի տոնում են Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Լիտվայի վարչապետն ասաց, որ շուտով երկու երկրների մայրաքաղաքները՝ Վիլնյուսը և Երևանը, կկապակցվեն ուղիղ թռիչքով և դա ժողովուրդներին թույլ կտա ավելի լավ ճանաչել միմյանց պետություններն ու խորացնել հարաբերությունները:
Լիտվայի վարչապետի խոսքերով, հանդիպմանը քննարկվել են մարտահրավերները, որոնք ծառացել են բոլոր պետությունների առաջ՝ համաշխարհային կովիդ համավարակը, որի ընթացքում Լիտվայի բուժաշխատողներն աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։
«Մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել՝ Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին։ Հուսով եմ, մենք կկարողանանք այս խնդրի հաղթահարման հարցում աջակցել»,- ասաց Լիտվայի վարչապետը։
Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ապօրինի միգրացիայի խնդիրներին արձագանքելու համար։
«Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժեշտությունն է՝ հաղորդակցվելու սահմանն ապօրինի անցած անձանց հետ։ Եվ Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով քուրմանջի (քրդերեն.-խմբ․) լեզվի թարգմանիչների։ Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը»,- ասաց Շիմոնիտեն։
Նա նաև նշեց՝ սատարում են, որ ԵՄ հաստատությունները մասնակից լինեն տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանն ու աջակցություն ցուցաբերեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան