Սերժ Սարգսյան. Հիմա արտաքին ուժերը հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի
«Ես, անկեղծ, չեմ լսել որևէ պաշտոնական հայտարարություն Իրանի կողմից մեր սուվերեն տարածք զորք մտցնելու մասին»,- անդրադառնալով Իրանի կողմից Հայաստան զորք մտցնելու վերաբերյալ տարածված հայտարարությանը՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ համաժողովում իր ելույթից հետո պատասխանելով մասնակիցների հարցերին։
Նա նշել է, համացանցում տեսել է նման տեղեկություններ, բայց խիստ կասկածում է, որ Իրանի ղեկավարությունը նման հայտարարություն կանի։
«Դա անթույլատրելի է։ Առանց Հայաստանի իշխանությունների հրավերի, որում ես խիստ կասկածում եմ, դա անհնար է։ Որ Իրանի Իսլամկան Հանրապետությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, հասկանալի է, և իրավունք ունեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունն Իրանին աշխարհին կապող քիչ ուղիներից մեկն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն և Հայաստանում իշխեն ազգային ուժեր, ոչ թե ազգայանական, այլ ազգային ուժեր։ Չեմ կարծում, որ բանը կհասնի զորավարժություններից անդին»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Անդրադառնալով Հայաստանում իշխանափոխություն իրականացրած արտաքին ուժերի կողմից իրենց գործն ավարտած լինել-չլինելու վերաբերյալ հարցին, ՀՀԿ նախագահը նշել է՝ նրանք Հայաստանում չեն ավարտել իրենց գործը։
«Քանի որ արտաքին ուժերը միաբևեռ չէին, նրանք հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի։ Հենց տեսան, որ իրենց խաբում է, արդեն այդ արտաքին ուժերը մեզ հակառակորդ չեն լինելու։ Լինելու են օբյեկտիվ, ինչու եմ այդպես ասում, քանի որ այսօր ոչ մի օբյեկտիվ վերաբերմունք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին չկա։ Վիրավորանքը՝ իսկ իրականության մեջ կոշտ քննադատությունը, քրեականացրել են Հայաստանում, Freedom House-ից բացի բազմաթիվ կառույցներ սկսած ԵԽ-ից, իրենց վերաբերմունքը պետք է արտահայտեին, էլ չեմ ասում պատգամավորին առանց խորհրդարանի համաձայնության ազատությունից զրկելը, էլ չեմ ասում, դատական համակարգն ամբողջովին իրենց ենթարկացնելը»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, եթե իր ղեկավարման օրոք գործող իշխանությունների արածի 10 տոկոսն անեին, 10 հայտարարություն կլիներ։
«Իրոք, սա նշաակում է, որ արտաքին ուժերը դեռ հանդուրժում են ու սպասում են, իրենց ակնկալիքները կիրականա՞ն, թե՞ ոչ։ Բայց մենք չունենք այդքան ժամանակ սպասելու, քանի որ այն մեր օգտին չի աշխատում»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Այսօր իշխանության գալու մասին պետք չէ մտածել
- Եթե չլիներ իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը․ Սերժ Սարգսյանն՝ Ալիևին
- Սերժ Սարգսյան. Պատեհ պահի մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը բացառապես խորհրդարանից դուրս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան