Վրաստանը մտադիր չէ Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային
Վրաստանը չի ցանկանում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին փոխանցել ուկրաինական կողմին: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեյա Ցուլուկիանին: Նա հայտարարել է, որ քաղաքական գործիչը Վրաստանում կանցկացնի իր պատժի ժամկետը:
«Եթե մենք խոսում ենք վրացական դատարանի կողմից Սաակաշվիլիին տրված ազատազրկման ժամկետը Ուկրաինայում ավարտելու մասին, ապա մենք ամենևին նման ցանկություն չունենք: Դրա իրավական նպատակահարմարությունն էլ չկա»,- կառավարության նիստից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է Ցուլուկիանին և հավելել, որ նախկին նախագահը մնալու է վրացական բանտում:
Ցուլուկիանին, որը Վրաստանի արդարադատության նախարարն էր 2012-2020 թվականներին, մեկնաբանել է նաև Սաակաշվիլիին Ուկրաինային հնարավոր արտահանձնման հարցը՝ նշելով, որ այստեղ նույնպես իրավական հիմք չկա:
«Վրաստանից Ուկրաինա հանձնումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ անձը, ում արտահանձնումը պահանջում է մյուս կողմը, այնտեղ ենթարկվում է քրեական հետապնդման: Ես չեմ կարծում և գոնե տեղյակ չեմ, որ Սաակաշվիլին քրեական պատասխանատվության է ենթարկվել Ուկրաինայում: Հետևաբար, արտահանձնման մասին խոսակցություններն իրավական անհեթեթություն, այսինքը՝ նոնսենս է»,- հավելել է նա:
Նախկին նախագահը ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ ֆեյսբուքում տեղադրել է տեսանյութ, որում պնդում է, որ ժամանել է Բաթումի: Նա ձ այժմ գտնվում է Թբիլիսիի մերձակա Ռուսթավի քաղաքի բանտում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Կիևը բոլոր ջանքերը կգործադրի նրան հետ բերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԱԳ նախարար․ Սաակաշվիլին մեր քաղաքացին է և մենք կաջակցենք նրան
- Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել
- Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը