Կորցրել եմ գյուղս, հորս արյամբ շաղախված հողը, բայց ոչ հավատս. Ավետարանոցի դպրոցի ուսուցչուհի
Ուսուցիչների տոնի առթիվ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից տեղահանված Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիաննա Բաղրյանի հետ, որը 7 տարի շարունակ դասավանդել է հարազատ կրթօջախում իսկ պատերազմից հետո աշխատանքի անցել «Արցախպրես» լրատվական գործակալությունում՝ որպես ռուսերենի թարգմանչուհի։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ ուսուցչի ճանապարհը և՛ բարդ է, և՛ պատասխանատու։
«Ուսուցիչը նախ և առաջ աշակերտի ավագ ընկերն է։ Նա պետք է կարողանա երեխայի հետ անցնել դպրոցական կյանքի ճանապարհը՝ հաղթահարելով շրջապատող աշխարհի բոլոր խոչընդոտները:
Նրա կարևորագույն առաքելությունը լավ մարդ, պետության համար պիտանի քաղաքացի դաստիարակելն է, և իրենից հետո անուն թողնելը։ Լավ ուսուցչից միշտ պետք է շնորհակալ լինել»,- ասել է Մ. Բաղրյանը։
Նրա խոսքով, այսօր, ապրելով ծանր ժամանակներ, ուսուցիչը պետք է իր մեջ ուժ գտնի և կարողանա դասասենյակ մտնել՝ մի կողմ թողնելով բոլոր դժվարությունները, քանի որ նրան են վստահել հայոց բանակի ապագա պաշտպանին կրթելու վեհ գործը։
«Ուսուցիչը պետք է կարողանա մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն դաստիարակել, որպեսզի վաղը ունենանք մեր երազանքների Արցախը, որպեսզի կարողանանք բուժել մեր երկրի վերքերը, և հավատով լցվենք Արցախի բաղձալի ապագայի նկատմամբ։ Ճիշտ է, կորցրել եմ գյուղս, հորս արյամբ շաղախված հողը, բայց ոչ հավատս »,- ընդգծել է Մ. Բաղրյանը՝ զրույցի վերջում շնորհավորելով լույսի և բարու բոլոր սերմնացաններին և բարեմաղթելով սերունդներին կրթել միմիայն խաղաղ Հայրենիքում։